Մասիս համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 13-ին տեղի կունենան Մասիս համայնքի ավագանու հերթական ընտրությունները։
Տեղեկացնում եմ, որ ընտրական տեղամասերում արդեն փակցված են ընտրողների նախնական ցուցակները։
Դրանց ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են մի շարք անհամապատասխանություններ և անճշտություններ։ Օրինակ` եղել են գոյություն չունեցող փողոցներ ու նրբանցքներ, չհիմնավորված հասցեներ, որոշ հասցեներում գրանցված են իրականում այնտեղ չբնակվող անձինք, կամ տվյալ բնակավայրի բնակիչը չգիտես ինչպես ընդգրկված է մեկ այլ բնակավայրի ընտրողների ցուցակներում…
Այս հանգամանքը պահանջում է յուրաքանչյուր բնակչի ուշադրությունն ու հետևողականությունը։
Հորդորում եմ անպայման ստուգել ընտրողների ցուցակներում ձեր հասցեների և գրանցված անձանց տվյալների ճշտությունը։ Անճշտություններ, անհամապատասխանություններ կամ կասկածելի գրանցումներ հայտնաբերելու դեպքում անհապաղ դիմեք համապատասխան անձնագրային ստորաբաժանում՝ սահմանված կարգով դրանք ճշտելու և ուղղելու նպատակով։
Ընտրողների ցուցակների ճշգրտությունը կարևոր նախապայման է ընտրական գործընթացի օրինականության, թափանցիկության և յուրաքանչյուր քաղաքացու ընտրական իրավունքի պաշտպանության համար։
