Սիրելի քաղաքացիներ, Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժման հետևողական պայքարը արդեն տալիս է կոնկրետ արդյունքներ։ Մեր բարձրաձայնած հիմնական թեզերից մեկը՝ կալանավորման փոխարեն այլընտրանքային խափանման միջոցների կիրառման անհրաժեշտության մասին, ստացել է պետական մակարդակով արձագանք։ ՀՀ Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշմամբ հաստատել է իրավական մի դիրքորոշում, որը սատարում է մեր պայքարի հիմնական գաղափարներից մեկին։ Մասնավորապես, 2025 թվականի մայիսի 30-ին՝ ԵԱՆԴ/0057/01/15 գործով, Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ նույնիսկ ՀՀ նախկին քրեական դատավարական օրենսգրքով քննվող գործերով հնարավոր է կիրառել ՀՀ գործող օրենսգրքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցներ՝ չսահմանափակվելով միայն կալանավորմամբ։ Դատարանն ընդգծել է, որ գործի քննության ընթացքը չպետք է արհեստականորեն արգելակվի հին օրենսգրքի դրույթներով, երբ խոսքը վերաբերում է անձի ազատության սահմանափակմանն առնչվող հիմնարար իրավունքներին։
Այս դիրքորոշումը ոչ միայն կարևոր նախադեպ է՝ մեր դատական համակարգում արդարության և մարդակենտրոնության հաստատման ճանապարհին, այլև ուղիղ արձագանք է մեր շարժման այն պահանջին, որ ազատությունը չպետք է զիջվի անարդար ձևակերպված ընթացակարգերին։
Դատական ակտն ամբողջությամբ կարող եք ընթերցել հետևյալ հղմամբ՝
https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/2868
Մենք շարունակելու ենք պայքարել՝ հանուն օրենքի առաջ հավասարության, մարդու իրավունքների գերակայության և յուրաքանչյուր քաղաքացու ձայնը լսելի դարձնելու։
Միացի՛ր շարժմանը։ Քո ձայնը կարևոր է։ #ԴԵՄԵՄ | #ԺողովրդիՁայնըԼսելիԷ
