«Այն մարդը, ով ձեր ազգային արժեքը դարձրել է միջազգային արժեք, Արամ Խաչատրյանն է». մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը

Հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ  Երևանում մեկնարկում է նրա անվան 21-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի անցկացվում է «դիրիժորություն» մասնագիտական կարգում։ 

Մրցույթի մեկնարկից ժամեր առաջ՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, Արամ Խաչատրյան մշակութային հիմնադրամի և խաչատրյանական մրցույթի ռազմավարական հովանավոր Freedom Broker  Armenia-ի միջև ստարգրվեց համագործակցության հուշագիր:

Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանն ու առանձնացրել կարևորը:

Ընկերության գլխավոր տնօրեն Հովակ Հովակիմյանի խոսքով՝ այս համագործակցությունը մեծ և երկար ճանապարհի սկիզբ է:

«Կարծում եմ, որ բիզնեսն ու մշակույթը պետք է աշխատեն միասին, դրանք առանձին աշխարհներ չեն, այլ իրար լրացնում և ուժ են ստեղծում: Կարծում եմ, որ Արամ Խաչատրյան մշակութային հիմնադրամի և Freedom Broker  Armenia-ի համագործակցությունը լավ օրինակ է»,- այսօր՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացած ասուլիսի ժամանակ նշեց Հովակ Հովակիմյանը:

Արամ Խաչատրյան մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերգեյ Սմբատյանը ևս կարևորելով այս համագործակցությունն ընդգծեց.

«Եթե խոսում ենք մշակույթից և բիզնեսից, ապա սա բիզնեսի մշակույթն է, ինչպես պետք է կայուն մարդիկ, որոնք ունեն մեծ հաջողություն, նաև կիսվեն գաղափարներով ու տեսլականներով: Երբ խոսում ենք այնպիսի հերոսի մասին, ինչպիսին Արամ Խաչատրյանն է, որի անունը մեզ մեծ հնարավորություն է տալիս ներկայանալ ամբողջ աշխարհին, մեծ պլաններ ունեք մրցույթն ավելի զարգացնելու ու վստահ եմ ձեր շնորհիվ դա կստացվի»:

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող միջազգային մրցույթի նպատակը երիտասարդ և տաղանդավոր երաժիշտների բացահայտումն ու Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության հանրահռչակումն է։

Մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբտյանը հիշեց, թե ինչպես 20 տարի առաջ որոշեցին Հայաստանում հիմնադրել Արամ Խաչատրյանի անվան մրցույթը:

«ՌԴ-ում Հայաստանի դեսպանն էի և մասնակցում էի տոնական միջոցառումներին։ Պարզվեց, որ Ռուսաստանն էլ է որոշել կազմակերպել Արամ Խաչատրյանի անվան միջազգային ամենամեծ մրցանակաբաշխությունը:

Ես անկեղծորեն դեմ էի, որովհետև կարծում էի, որ մասնակիցները կգնան Մոսկվա, չեն գա Երևան, մեծ երկիրն ավելի է ձգում ու ավելի մեծ հնարավորություններ ունի: Եվ խնդրեցի հրաժարվել այդ մրցանակաբաշխությունից: Նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ հայտնի դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկին ասաց՝ Արամ Խաչատրյանը երբեք չի ապրել Հայաստանում, ապրել է Ռուսաստանում, այստեղ պետք է լինի այդ մրցանակաբաշխությունը:

Բայց ելույթի ժամանակ ես ասացի՝ «Ռուսաստանն ունի փայլուն կոմպոզիտորներ, նրանց անունով կարող են լինել մրցույթներ, բայց հայերս ունենք մի քանի անուն և ամենամեծ անունը Արամ Խաչատրյանն է: Եվ մրցույթը միակը պետք է լինի, որպեսզի կայանա»:

Հիմա հասկանում եմ, որ ճիշտ վարվեցի, ճիշտ էր այդ զգացողությունը, որ Արամ Խաչատրյան մրցույթը պետք է լիներ հենց Երևանում»,- պատմեց Արմեն Սմբատյանը:

Նրա խոսքով՝ մրցույթի շնորհիվ 12 հազար այլազգի երիտասարդ երաժիշտ նվագում է Խաչատրյանի կոնցերտները:

Բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ,  կներկայացնի Արամ Խաչատրյանի սիրված ստեղծագործությունները՝ հատվածներ «Սպարտակ» բալետից, Ջութակի կոնցերտը (մենակատար՝ ջութակահար Նին Ֆեն)։

«Ինձ համար մեծ պատիվ է մասը կազմել այս մրցույթի: Հիշում եմ, երբ 17 տարի առաջ առաջին անգամ այցելեցի Հայաստան, ծանոթացա մաեստրո Սմբատյանի հետ ու մենք իսկապես շատ մտերմացանք: Դա հենց այն ժամանակ էր, երբ ես խորապես ազդված ու տպավորված էի այս երկրով, ժողովրդով և այն հարուստ մշակույթով, որ կրում է այս ազգը:

Սա, իհարկե, ձեր ազգային արժեքն է, բայց նաև միջազգային է, և այն մարդն, ով այս ազգային արժեքի հաղորդագրությունն է տարածել աշխարհում՝  այն դարձնելով միջազգային արժեք՝ Արամ Խաչատրյանն է»,- նշեց ջութակահար, բացման համերգի մենակատար Նի ֆենը:

Մրցույթին այս տարի կմասնակցի նախնական փուլում ժյուրիի կողմից ընտրված 18 դիրիժոր աշխարհի 12 երկրից՝ Ֆրանսիա, Արգենտինա, Հայաստան, ԱՄՆ, Հարավային Կորեա, Լատվիա, Թայվան, Ավստրալիա, Չինաստան, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա։

«Արդեն 21-րդ անգամ մենք ունենք մեծաթիվ դիմորդներ նախընտրական փուլին մասնակցելու համար, ինչը խոսում է մրցույթի հաջողության մասին: Մրցույթի հիմնական հաջողությունն է աշխարհին տալ նոր անուններ՝ նոր դիրիժորներ, ջութակահարներ, թավջութակահարներ ու դաշնակահարներ»,- ասաց «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը:

Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են համաշխարհային ճանաչում ունեցող Ջորջ Փեհլիվանյանը, Վահագն Պապյանը, Դերրել Էնգը, Նի Ֆենը, Վասիլի Սինայսկին, Ռուբեն Ջաիսը, Պյոտր Սուլկովսկին։ Ժյուրին կնախագահի անվանի  դիրիժոր Վասիլի Սինայսկին, որը ղեկավարել է աշխարհի առաջատար նվագախմբերն ու օպերային թատրոնները, ինչպես նաև զբաղեցրել կարևոր պաշտոններ հեղինակավոր երաժշտական հաստատություններում։

Մրցույթի պարտադիր պահանջներից է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումը։

Հաղթողը հայտնի կդառնա հունիսի 12-ին՝ պարգևատրման արարողության և գալա համերգի ընթացքում։

Մրցույթն անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC)։

Կիսվել սոց․ ցանցերում