Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրությունների նախնական արդյունքներով՝ 5 քաղաքական ուժ հնարավորություն ունի ավագանու անդամի մանդատ ստանալու, սակայն այդ ուժերից որևէ մեկը չի հավաքել 50 տոկոսից ավելի ձայներ, հետևաբար 4 կուսակցությունների ու 1 կուսակցությունների դաշինքի թեկնածուների ցուցակների առաջին հորիզոնականում ներկայացված անձերից որևէ մեկը օրենքի ուժով չի կարող դառնալ քաղաքապետ։
ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է մասնակիցների ձայների 32,57 տոկոսը, «Հանրային ձայն» կուսակցությունը՝ 9,68 տոկոսը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 18,89 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 11,32 տոկոսը, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 15,43 տոկոսը։
Ըստ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի՝ եթե ավագանու ընտրությունների արդյունքով որևէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով:
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ընդգծել է, որ Երևանի ավագանու ընտրությունները համարվում են կայացած՝ անկախ ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշից (ընտրողների 28,46 տոկոսն է մասնակցել ընտրություններին). «Այս ընտրակարգով երկրորդ փուլ հասկացություն գոյություն չունի, եթե Երևանի ավագանու որևիցե խմբակցություն չի ունենում 33 կամ ավելի մանդատ, և ավտոմատ կերպով նրա ցուցակի առաջին համարը չի ընտրվում քաղաքապետ, ապա Երևանի ավագանին պարտավոր է առաջին նիստից հետո երկշաբաթյա ընթացքում ընտրել քաղաքապետ։ Եթե չի հաջողվում Երևանի ավագանուն քաղաքապետ ընտրել, ապա այդ դեպքում Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենսդրության համաձայն՝ կրճատվում է ավագանու լիազորությունների ժամկետը և նշանակվում է նոր արտահերթ ընտրություն»,- պարզաբանել է ԿԸՀ քարտուղարը։
Նշենք, որ արդեն իսկ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը կոալիցիա կազմելու առաջարկ է արել «Ազգային առաջընթաց» կուսակցությանը, որը ղեկավարում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, և «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքին, որը ղեկավարում է նախկին ընդդիմադիր պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Անդրանիկ Թևանյանը։ Ըստ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարի՝ ինքը պատրաստ է պաշտպանել թե Հայկ Մարությանի, թե Անդրանիկ Թևանյանի թեկնածությունները։ Սակայն հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանն ընդգծել էր, որ Երևանի ավագանու կազմում ներկայացվածություն ունենալու պարագայում ինքը չի պատրաստվում կոալիցիա կազմել ոչ ներկա, ոչ էլ նախկին իշխանությունների հետ։
Հատկանշական է, որ եթե նույնիսկ քաղաքական ուժերը կազմեն կոալիցիա՝ «Հանրային ձայն» + «Ազգային առաջընթաց» + «Մայր Հայաստան», ապա այս պարագայում նույնիսկ ձայների 50 տոկոսի շեմը չի հաղթահարվում։ 50 տոկոսի շեմը չի հաղթահարվում նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն + «Հանրապետություն» կուսակցություն պարագայում. «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունների կոալիցիայի դեպքում՝ երկու ուժերը միասին կստանան 32 մանդատ, իսկ մյուս երեք քաղաքական ուժերը եթե կոալիցիա կազմեն, կստանան 33 մանդատ։ Այսինքն՝ անհրաժեշտ 33+ մանդատ որևէ կոալիցիա չի ստանում։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, իսկ «Հանրապետություն» կուսակցության ցուցակի առաջին համարը ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն է: «Հանրային ձայն» կուսակցության ցուցակը գլխավորող Արտակ Գալստյանը կալանավորված է՝ շորթման մեղադրանքով։
