Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևը հայտարարել է, որ ԼՂ-ում բնակվող հայերին հեռախոսային տեքստային հաղորդագրությամբ տեղեկացվել է, որ նախատեսվում է իրականացնել «տեղային բնույթի հակաահաբեկչական գործողություն»՝ թիրախում ունենալով ռազմական նշանակության օբյեկտների եւ ենթակառուցվածքների՝ շարքից դուրս բերումն ու ոչնչացումը։
Ըստ նրա՝ խաղաղ բնակչությանը զգուշացվել է հեռու մնա ռազմական օբյեկտներից։
Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը զանգվածային ցեղասպանության ենթարկող Ադրբեջանը հայտարարել էր, թե իբր ԼՂ քաղաքացիները և քաղաքացիական ենթակառուցվածքները «իրենց թիրախում չեն»:
Ստեփանակերտում ադրբեջանի սկսած ցեղասպանական գործողությունների հետևանքով դպրոց գնացած երեխաները մնացել են դպրոցներում, նրանց իջեցրել են նկուղներ, իսկ ծնողները իրենց բնակավայրերի ու աշխատավայրերի ապաստարաններում են։
Ղարաբաղում բնակվող օգտատերերը գրառումներ են անում սոցցանցի էջերում՝ նշելով այս պահին տիրող վիճակի մասին։ Ստեփանակերտից Նունեն գրել է. «Իջել եմ շենքերից մեկի նկուղ։ Երեխաները բղավում են՝ մայրիկ, հայրիկ, չենք ուզում մեռնել»։
