«Գեներալ»-ը տոնական ամենապարզ աղցաններից է։ Շատերն այս աղցանն առնական են համարում, քանի որ այն բավականին հագեցնող է և մսի լավ շերտ է պարունակում, բայց կարծում ենք, կանայք ևս չեն հրաժարվի նման աղցանից։ Ճակնդեղով «Գեներալ» աղցանը կարելի է պատրաստել չափաբաժիններով կամ մեծ անամանի մեջ՝ համապատասխանաբար ավելացնելով բաղադրիչները։ Աղցանը զարդարելու համար կարող եք օգտագործել եգիպտացորեն կամ նուռ։
Բաղադրիչները
–Եփած տավարի միս՝ 100 գ
–Կարտոֆիլ՝ 2 հատ
–Գազար՝ 1 հատ
–Կոշտ պանիր՝ 50 գ
–Բազուկ՝ 1 հատ
–Մայոնեզ՝ ըստ ճաշակի
–Սխտոր՝ 1 պճեղ
–Նուռ՝ զարդարման համար։
Պատրաստման եղանակը
Աղցանի համար ըստ ցանկի պատրաստեք բոլոր անհրաժեշտ մթերքները։ Տավարի միսը պետք է նախապես եփվի, քանի որ դրա համար կպահանջվի առնվազն մեկ ժամ: Կարտոֆիլը, ճակնդեղն ու գազարը նույնպես անհրաժեշտ է նախապես եփել ու առանձին քերել։
Աղցանը «կհավաքենք» հատուկ կաղապարի մեջ։ Վերջինս դնում ենք ափսեի կենտրոնում և ներքևում քերած կարտոֆիլ լցնում, շերտը պատում ենք մայոնեզով։
Տավարի միսը մանր կտրատում ենք և խառնում սխտորի հետ։ Սխտորը կարելի է կտրատել կամ ճզմել մամլիչով։ Միսը շարում ենք կարտոֆիլի վրա, և նայնպես պատում մայոնեզով:
Դնում ենք գազարի հաջորդ շերտը, որը նույնպես պետք է խառնել մի փոքր սխտորի հետ։ Ինքներդ կարգավորեք սխտորի քանակը: Գազարը նույնպես պատում ենք մայոնեզով։
Կոշտ պանիրը քերեք և լցրեք գազարի վրա՝ քսեք մայոնեզ քսեք։
Վերջինը լցնում ենք ճակնդեղի շերտը։
Այնուհետև կարող եք պարզապես մայոնեզով ցանց «գործել» և աղցանի գագաթը զարդարել նռան հատիկներով։ Ցանկության դեպքում վերնամասին մայոնեզ կարող եք ավելի առատորեն քսել։ Ստացված աղցանը մեկ ժամ թողնում ենք, որ բաղադրիչները ներծծվեն, ապա կաղապարը զգուշորեն հանում ենք։
Բարի ախորժակ:
