Աղետից տուժած բնակիչների հետ քննարկվել է փոխհատուցումների գործընթացը

Հուլիսի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Լոռու մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

Ալավերդիում նախարար Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել շենքային ու գույքային պայմաններին, տեխնիկական ու մասնագիտական սարքավորումների հագեցվածությանը։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին բարեխիղճ ծառայության համար, հատկապես ընգծել անցած տարվա ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներում ներդրած ջանքերը։

Ալավերդու Սանահին կայարան թաղամասում ՆԳ նախարարը հանդիպել է բնակիչներին։ Նախարարը փոխհատուցման շրջանակներում հետաքրքրվել է սեյսմակայունության հետ կապված բնակիչների բնակապահովման գործընթացներից։

Այնուհետև Արփինե Սարգսյանը, տեղակալ Արմեն Ղազարյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ուղեկցությամբ, այցելել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Ալավերդիի բաժին, ծանոթացել աշխատանքային պայմաններին ու քաղաքացիներից հետաքրքրվել մատուցվող ծառայությունների որակի մասին։ Տեղում քննարկվել են աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված հարցեր։

ՆԳ նախարարի հաջորդ կանգառը ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Վանաձորի հաշվառման-քննական բաժնում էր։ Վարչության պետ Արարատ Թևոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է հաստատության տարածքում, զրուցել քաղաքացիների հետ՝ հետաքրքրվելով մատուցվող ծառայությունների որակից:

Կիսվել սոց․ ցանցերում