Մանկական արվեստի թանգարանը վերաբացվում է

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, պաշտոնապես կվերաբացվի Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական արվեստի թանգարանը: Երկար տարիներ անց վերջապես թանգարանին են վերադարձվել իր իրական տարածքները, և այսուհետ այն կգործի իր ողջ ներուժով:

Վերանորոգման, ֆունկցիոնալ առումով վերաիմաստավորման ու վերազինման աշխատանքներից հետո Մանկական արվեստի թանգարանն այսօր ներկայանում է նոր շնչով ու հնարավորություններով, բայց հավատարիմ իր հիմնադիրների՝ Հենրիկ Իգիթյանի և Ժաննա Աղամիրյանի սկզբունքներին ու տեսլականին: Նրանք 1968 թվականին Նկարիչների տանը բացված «Աշխարհը երեխաների աչքերով» ցուցահանդեսով դրեցին աշխարհում առաջին մանկական պատկերասրահի հիմնաքարը՝ բերելով նոր մշակույթ ու կոնցեպտ:

Թանգարանը մանկական երևակայության, վառ ձևերի ու գույների խտացման վայր է: Այստեղ ներկայացված են Գեղագիտության ազգային կենտրոնի բոլոր տարիների սաների լավագույն աշխատանքները, տարբեր թեմաներով արված նախագծեր, թանգարանի «ոսկե ֆոնդը», շուտով կվերաբացվի նաև միջազգային բաժինը: Ցուցադրված աշխատանքների հեղինակներն արդեն վաղուց երեխա չեն, նրանցից ոմանք այսօր հայտնի են արվեստի աշխարհում: Ներկայացված են նաև այսօր իրենց մանկությունն ապրող երեխաների գունեղ գործերը: Հիմնական ցուցադրությունից բացի, թանգարանի առաջին սրահում պարբերաբար անցկացվելու են նաև ժամանակավոր ցուցահանդեսներ: Վերաբացման առթիվ այնտեղ ցուցադրվելու է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված բազմաժանր ցուցադրությունը:

Հայաստանի մանկական արվեստի թանգարանում այսուհետ ոչ միայն կարող եք դիտել երեխաների կողմից ստեղծված արվեստը, այլև ինքներդ ստեղծել արվեստ: Այստեղ կան աշխատարանների, վարպետության դասերի, արվեստային տարբեր միջոցառումների համար նախատեսված տարածքներ տարբեր տարիքի անձանց համար:

Այդ ամենն իրականացվելու է «Արտակարգ» արվեստի հարթակի միջոցով: Այն հիմնադրվել է հստակ ու հավակնոտ առաքելությամբ՝ ստեղծելու նորարարական, ներառական և բազմաֆունկցիոնալ մշակութային և կրթական տարածք, որտեղ տարբեր տարիքի, մասնագիտության և հետաքրքրությունների տեր մարդիկ կարող են ուսումնասիրել, արտահայտվել և զարգանալ արվեստի փոխակերպող ուժի միջոցով։ «Արտակարգ» արվեստի հարթակի առանցքում Գեղագիտության ազգային կենտրոնի հարուստ մանկավարժական փորձը, միջազգային համագործակցությունները և մանկական արվեստի խթանման համաշխարհային նվաճումներն են։ Այդ ամենը հիմնված է կենտրոնի հարուստ ժառանգության վրա, որն ավելի քան հինգ տասնամյակ Հայաստանի մշակութային և կրթական ոլորտի անկյունաքարն է:

Մանկական արվեստի թանգարանում գործելու է նաև գրադարան-գրախանութ, որտեղ կարող եք ոչ միայն ուսումնասիրել արվեստին առնչվող տարատեսակ գրականություն, այլև ձեռք բերել Գեղագիտության ազգային կենտրոնի տարբեր տարիների լավագույն հրատարակությունները:

Կիսվել սոց․ ցանցերում