«Այդ ձայնագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքական դաշտում օտար ազդեցությունները բավականին մեծ տեղ են գրավում: Դա ևս մեկ անգամ ապացուցում է՝ մենք բավականին ստվար թվով քաղաքական գործիչներ ունենք, որոնք ոչ թե հայաստանակենտրոն են, այլ սպասարկում են օտար պետությունների շահերը, և սա շատ լուրջ մարտահրավեր է ՀՀ-ի համար»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է իրավագետ Արտաշես Խալաթյանը՝ անդրադառնալով օրերս մամուլում հայտնված այն ձայնագրությանը, որտեղ Ռոբերտ Քոչարյանի ձայնին նմանվող ձայն է հնչում: Այն ներկայացվում է որպես հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռ. Քոչարյանը թույլտվություն է հարցնում Վլադիմիր Պուտինից իրավիճակից սահուն դուրս գալու համար՝ նշելով, որ նրա խոսքերը Հայաստանում վճռորոշ նշանակություն ունեն։ Նկատենք, սակայն, Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, թե կեղծ է այս ձայնագրությունը:
Խալաթյանը նկատում է՝ այդ ձայնագրությունն այլևս այդքան ռելեվանտ չէ, որովհետև ամեն ինչ ջրի երես է դուրս եկել, և ցանկացած քաղաքական ճգնաժամ, որ հարուցվում է Հայաստանում վերջին տարիներին, դրանցում կա հստակ արտաքին հետք:
«2021 թվականի հետպատերազմյա շոկը և զգացմունքային ընտրությունները Ռոբերտ Քոչարյանին լրացուցիչ որոշակի ձայներ տվեցին, բայց ակնհայտ է, որ ժողովրդավարական ճանապարհով նախկին քաղաքական ռեժիմի որևէ իշխանավոր ՀՀ-ում իշխանության գալու որևէ լեգալ շանս չունի, եթե մենք բացառում ենք «Հոկտեմբերի 27»-ը, կամ այլ հեղաշրջումային սցենար, որն ընդհանրապես կջնջի ՀՀ պետականությունը»,- ասում է Խալաթյանը:
Իրավագետի խոսքով՝ 1920 թվականի Հայաստանի առաջին հանրապետության անկման ճարտարապետները՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին, այսօր մակերեսին են, և այն իրադարձությունները, որոնք տեղի են ունում, փիլիսոփայության առումով կրկնում են 100-ամյա անցքերը:
«Սցենարը նույնն է՝ ճոճել ՀՀ ներքաղաքական իրավիճակը Արցախի շուրջ տեղի ունեցող ողբերգական զարգացումների ֆոնին, սա նման է 1920 թվականի նոյեմբերյան իրադարձություններին, երբ ՀՀ-ի պարտվելը Թուրքիային հանգեցրեց նրան, որ ՌԴ-ի ձեռամբ ՀՀ առաջին հանրապետության լեգիտիմ իշխանությունը ապամոնտաժվեց: Ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը իմաստուն կգտնվի և տուրք չի տա այս սադրանքներին»,- ընդգծում է Խալաթյանը:
Վերջինս նաև նկատում է՝ թե՛ ոստիկանությունը, թե՛ ԱԱԾ-ն և թե՛ դատախազությունն իրենց բարձրության վրա չեն, և քաղաքական գործընթացները Հայաստանում բացարձակապես դուրս են եկել օրինականության շրջանակներից. «Իրավապահ մարմիններն անթույլատրելի թողտվություն են ցուցաբերում: Ժողովրդավարությունը չի խոսում անհարկի փափկության մասին, և դա օրինապաշտ քաղաքացիների մոտ ձևավորում է անպաշտպանության զգացում: Սա ժողովրդավարության հաղթարշավ չէ այլևս, ժողովրդավարությունը այսօր կարծես կծկվել, կուչ է եկել, և որոշակի հանցավոր էլեմենտներ իրենց սկսել են անպատիժ զգալ: Պետությունը նաև բռնության մեքենա է: Ու եթե մենք չենք ուզում, որ պետականության փլուզում տեղի ունենա, ապա պետք է կոշտ միջոցներ ձեռնարկվեն»:
Զրուցակցի խոսքով՝ սիմվոլիզմ է, երբ ՀՀ անկախության օրը փորձ են անում ծնկի բերել, նվաստացնել այն՝ հանձին երեկ ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցությունների:
«Սրանք բողոքի ցույցեր չեն, մանրամասնորեն մշակված ծրագիր է ՀՀ անկախությունը ապամոնտաժելու համար, ընդ որում՝ կարևոր է մեկ բան էլ նկատառել՝ խոսքը ոչ միայն ՀՀ անկախության վերացման մասին է, օրինակ՝ Միութենական պետության տեսքով, այլ՝ ՀՀ տարածքի անդամահատման մասին: Սյունիքը ՀՀ-ից կտրելու և օտարացնելու ծրագիր է իրականացվելու: Այն մարդիկ, ովքեր կամա, թե ակամա կարծում են, որ, օրինակ, նեոխորհրդային միության նման մի կազմավորման մեջ կարող են հանգիստ ապրել ինկուբատորային պայմաններում, ինչպես ԽՍՀՄ տարիներին, ապա նրանց դառը անակնկալ է սպասվում: Նոր կազմավորման մեջ ՀՀ-ն լինելու է երկրորդական, երրորդական նշանակության քաղաքական միավոր, այդ թվում՝ էապես կրճատված տարածքով»,- կարծում
Աղբյուրը՝
