ԼԻՆԵ՞Լ, ԹԵ ՉԼԻՆԵԼ ՀԱՅ

Հայ լինելը հրապուրանքից զուրկ չէ։ Երբ խոսում եմ ձեզ հետ, մի բան գիտեմ, որ ասում եմ, եթե ես հայ եմ, հիմնականում ծնողներիս շնորհիվ է, բայց նաև պատահաբար ֆրանսիացի եմ դարձել նրանց արտագաղթի պատճառով, գիտեմ, որ որևէ հայի աքսորը միշտ տառապանքի մեջ հայտնված Հայաստանի մի մասն է։ Ճիշտ է, երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս՝ արդյո՞ք հիմնական հայությունը, ի վերջո, ժամանակի ընթացքում երկրորդական բնույթ չի կրել, իսկ պատահական աքսորը արդյո՞ք չի վերածվել կարևոր ինչ-որ մի բանի։ Ո՞վ իմանա։ Այնուամենայնիվ, ես ապրում եմ այս երկբայության մեջ՝ լինելով երբեմն հայ, երբեմն ֆրանսիացի։ Նույնիսկ երբեմն մեկը մյուսի դեմ ծավալած պայքարում, միակ հաղթողը այս անվերջ մարտի մեջ, երբեք չի եղել այն մեկը, ինչպես կարծում եմ։ Մնում է ասել, այն հայը, որ ես եմ, ինձ հմայում է որոշ կողմերով, մինչդեռ ֆրանսիացին ինձ հրապուրում է այլ պատճառներով։ Կշռադատելու ժամանակ, իմ հայկական կողմը միշտ ինչ-որ հարցում շահում է։ Եվ այդպիսին  եմ ես, այնպիսինը, ինչպես որ կամ, թեկուզ չիմանալով՝ ով եմ իրականում։

Ի վերջո, եթե հայ լինելու մեջ հմայք եմ տեսնում, ավելի շատ հրապուրանք եմ գտնում ֆրանսիացի լինելու մեջ։ Այո՛, ինչու չէ՞։

Այն, ինչ սիրում եմ հայ լինելու հարցում, իր ափերից դուրս գալու արվեստն է։ Այնինչ, ֆրանսիացին սեղմված է երկրաչափական էության մեջ։ Հայը կառուցեց իրեն՝ մոռանալով ուղիղ անկյունը կամ ուղիղ անկյան դեմ : Նրա աշխարհընկալումը ձգտում է ավելի շատ օգտակարին, քան նրբազնիին։ Եթե սանդուղքի աստիճանները տձև են, անհարթ, տգեղ, ծռմռված, էլ ինչ իմանամ ինչպես, մի՞թե կարևո՛րն, ի վերջո, այն չէ որ կարողանաս հասնել շենքիդ բնակարանը կամ կարողանաս իջնել փողոց։ Դուք գուցե ասեք ինձ. « Լավ, բայց չէ՞ որ մեր եկեղեցիները դարեր շարունակ կանգուն են, այդպես չէ՞։ Այսինքն՝ երկրաչափական մտածողությունը հայերի հանճարին չի՞ վերաբերում »։ Չենք կարող չհամաձայնվել։ Իրոք, երբ հայը կառուցում է Աստծո համար, նա ջանք չի խնայում։ Բացարձակությունը պահանջում է մարդկանցից նվազագույն կատարելություն, այլապես դա կլինի վիրավորանք` աստվածային էությանը։ Բայց երբ խոսքը վերաբերում է մարդկանց համար ստեղծելուն, հայը բավարարվում է կարկատելով։ Սովետական կարգերի ժամանակ բոլորը գիտեին, որ Հայաստանում պատրաստված կոշիկները երեք օրից ավելի չեն դիմանում։ Ավելի վատ, երբ որևէ հայ փականագործին կրկնակի բանալի է պատվիրում, հնարավոր է իրեն տնից դուրս թողնի, և ինքը հայտնվի վարձակալած բնակարանի դռան առջև՝ չկարողանալով ներս մտնել և հնարավորություն չունենալով լուծել բնական  հրատապ կարիքները։ Տհաճ է, չէ՞։ Եվ եթե Հայաստանում գիրք եք հրատարակում, հնարավոր է, գտնեք ձեր գրքի կազմի մի մասի համար մեկ գույն, մյուսների համար տարբեր գույներ։ Բայց այդ « կարկատելու » բնատուր հմտությունն առկա է նաև սփյուռքում, որտեղ մեր մշակույթը հաճախ դառնում է լուսավորված երկրպագուների զոհ, որոնք առաջնորդվում են միայն խավարամիտ հայրենասիրությամբ։ Այդ ժամանակ, թերության ժառանգական սովորույթը առաջանում է նույնպես բարոյական սխալից։

Երբ իմ « Աղբաստան » վեպը քննարկվում էր « Ռադիո Նավթալին » »-ով (այն ռադիոյով, որ «պահպանում է առասպելները), տեսնում ես հաղորդավարուհուն, ինչպես է ընթերցումը կիսատ թողնում՝ զգուշացնելով ունկնդիրներին, թե ինքը կապ չունի այն փաստի հետ, որ գլխավոր հերոսը միզում է Երևանի ուղղությամբ։ Նույն հատվածը, եթե ընթերցվեր France-Culture-ով, նման անարգանքի չէր ենթարկվի։ Ասելու բան էլ չէ։ Բայց հենց այս մշտապես խոցելի մարդկությունն է, որ ամեն պահի ստեղծում է հայ լինելու պոեզիան։ Գերազանցությունը չափազանց մաքուր է մի հողի ժողովրդի համար, որն իրեն արդեն բավական կատարյալ է համարում, իր հողեղեն մարդկայնության մեջ, առանց ձգտելու որևէ վերին կատարելության։ Բանն այն է, որ կատարելությունը անցնում է մաքուր շարժման միջով, իսկ մաքուր շարժումը պահանջում է հեռացնել ամեն ինչ, որ աղտոտում է նրան։ Տեսեք, թե ուր հասցրեց այս հանգամանքը գերմանացիներին ու ճապոնացիներին։ Դեպի փիլիսոփայական անկում, երբ իրենց ուղին հասցրին ծայրահեղության։ Ինչպես նաև՝ դեպի պարտություն։ Երջանիկ են հայերը, որոնք նույնպես պարտություններ են կրել, առանց այդ կատարելապաշտ մոլուցքի միջով անցնելու։ Եթե ես նախընտրում եմ հանպատրաստից ստեղծագործող հային և ոչ թե երկրաչափական պլանավորմամբ առաջնորդվող հային, ապա դա նրանից է, որ առաջինը հարգում է իր մարդկայնությունը, մինչդեռ երկրորդը կարող է հանգեցնել մարդկայնության համակարգված ոչնչացման։ Պարզապես բավական է նայեք, թե ինչ արեցին թուրքերը հայերի հետ։ Այնպես ինչպես վարվեցին գերմանացիները հրեաների, իսկ ճապոնացիները՝ Նանկինի չինացիների հետ։

Այժմ դուք հասկանում եք, թե ինչու հայերը պարտվեցին իրենց վերջին պատերազմներում։ Նրանք իենց ավելի խելացի էին համարում, մոռանալով, թե իրենք ավելի մարդկային էին, քան հակառակորդները, այսինքն, ունակ դավաճանության, կաշառակերության, պառակտման, անկարողության և անհեռատեսության։ Ի տարբերություն հայերի, այսպես ասած հակառակորդները, վստահել էին միայն իրենց « երկրաչափական մտքին »՝ մինչև իրենց մարդկանց ռոբոտների վերածելը։ Եվ երբ մարդիկ բավական չէին, իսկական ռոբոտներն էին, որ կոչվում էին դրոններ, գործի դրվել, որոնք օգտագործվեցին ընդդեմ չափազանց մարդկային հայերի։

Եթե պոեզիան գոյություն ունի ցանկացած կարգապահության չափազանցման մեջ, ապա կարելի է ասել, որ հայերը չափից ավելի պոետիկ ժողովուրդ են, քանի որ իրենց գերազանցման պրակտիկան երբեմն հասնում է այնպիսի քաոսի, որ նույնիսկ ստում է, ինչպես որ շնչում է։ Սակայն հենց այստեղ է, իմ գառնուկներ, այստեղ է Հայաստանը մեզ հիացնում, որովհետև նրա հետ միշտ կա, ինչ-որ մարդկային տեսանկյունից ելնելով, հետաքրքիր բան բացահայտելու հարցը։ Օրինակ, եթե հայերը օրենքի փոխարեն նախընտրում են կոռուպցիան, դա հենց այն պատճառով է, որ նրանց մարդկային լինելու հանգամանքը դժվարությամբ է համատեղվում սառը կանոնների հետ և նրանք ավելի շատ հետաքրքրություն են ցուցաբերում խելահեղ  գողության հանդեպ, թեկուզ մի փոքր խախտելով հայրենասիրական կարեկցանքը։ Ճիշտ է, կոռուպցիան կարող է վատ ավարտ ունենալ, օրինակ, ինչպես պարտությունը պատերազմի ժամանակ, քանի որ մեր պարտությունները հենց զուտ այլասերված մտածողության արդյունք էն եղել։ Եվ հետո, ի տարբերություն ուրիշների, ես սիրում եմ HSBC-ի կաթողիկոսին, որովհետև նա նախընտրեց մարմնի գերապատվությունը պաշտոնի կարգապահությունից։ Եվ հենց դրանով նա ցույց տվեց, թե որքան մարդ էր նա Աստծո և մարդկանց առջև, իր կյանքի վճռորոշ պահին նախընտրելով զգայուն պոեզիան՝ աստվածաբանական անթափանցելիություններից։ Այս օրերին Երևանում ցեղասպանությանը նվիրված հուշարձանի վերանորոգման աշխատանքները բազմաթիվ վիճաբանությունների առիթ են դարձել։ Հայերին մեղադրում են վերանորոգման անվան տակ քանդումներ անելու մեջ։ Այստեղ էլ հարց է ծագում՝ արդյո՞ք բանվորները իրենց մասնագիտությունը չեն օգտագործում շինարարական նորոգումներ կատարելով, ինչպես խորհրդային տարիներին, երբ աստիճանները կամ կոշիկները «ծուռ ու մուռ» էին, այսինքն՝ առանց տրամաբանության, առանց կանոնների հարգանքի։ Արդյո՞ք սա նշանակում է, որ հայերը, իրենց պոետիկ համառությամբ մարդ մնալու անընդունակ են ամենախստապահանջ կատարելության հանդեպ։ Որովհետև հենց այստեղ է դրվում նրանց ապագայի հարցը՝ իմանալով, որ լավ արված գործը ցանկացած ժողովրդավարության հիմքն է, որը լիովին կառուցվում է դիմացինի հանդեպ տածած հարգանքից։ Այո՛, իմ գառնուկներ, ժողովրդավարությունը սկսվում է նրանից, որ հարգում ես դիմացինին՝ նրան հնարավորություն տալով երջանկության հասնել բոլոր բնագավառներում։ Թեք ու ծուռ աստիճաններ կառուցելը նշանակում է նոր տառապանք ավելացնել արդեն իսկ տառապող մարդկանց վրա։ Մարդկանց խելագարության հասցնող վերելակների մասին էլ չենք խոսում, որոնք վեր ու վար են տանում՝ առաջացնելով նրանց մեջ վախի զգացում։ Տաքսիները, որ ուռճացնում են ուղևորավարձը։ Եվ մնացած ամեն ինչը, որ մարդու կյանքը դնում է մշտական անվստահելի վիճակում։ Կոռուպցիան, ինչպես նաև անորակությունն ու ցանկացած ամեն տեսակի խախտում, կամավոր թե ոչ, նորմերի խիստ պահպանումից շեղումը կարող է բերել աղետների՝ ազգային անվտանգության ոլորտում, բայց առավել ևս, հանրային առողջապահության բնագավառում։ Մտնում ես հիվանդանոց մի փոքրիկ վիրահատության համար, բայց այլևս դուրս չես գալիս՝ անզգայացման անբավարարության պատճառով։ Այս ամենից էլ կրկին ժողովրդավարությունն է տուժում։ Որովհետև այդ խաղի մեջ, հենց հայ մարդուն են դանդաղ սպանում։

Այնինչ, ես դա իմ սեփական փորձից գիտեմ. լավ արված աշխատանքի համը ես զգացել եմ Հայաստանում, թե որքան կարելի է մարդկային լինել և՝ պոետիկ։ Գրող լինելով, ես աշխատել եմ « Ակտուալ արվեստ » հրատարակչության հետ, հանձինս Մկրտիչ Մաթևոսյանի, ով իր հրատարկչությունում նվիրված է ստեղծել գրքեր, որոնք հարգում են ինչպես հեղինակին, այնպես էլ ընթերցողին։ Ինչպես նաև՝ իմ թարգմանչուհիների հետ, ինչպիսիք են Նվարդ (Իվետ) Վարդանյանը, Լիլիթ Մնացականյանը կամ Լուսինե Մուսախանյանը, նրանք բանիմաց, նուրբ, խելացի մարդիկ, և… կատարելության անվերջ ձգտողներ են, այնքան, որ նրանց նմաններին ցանկալի կլիներ ավելի մեծ թվով տեսնել Հայաստանում։ Անհրաժեշտ չէ ասել, որ ընթերցողն ինքն էլ կարող է այլ ոլորտներից բերել նման օրինակներ։

Քանզի, ճշմարտությունն ասեմ ձեզ. եթե հայերը չունեն այն նվիրվածությունը, որ պահանջում է կատարելությանը ձգտող աշխատանքը, ապա երբեք չեն կարող հասնել նույնիսկ ժողովրդավարության կեսի քառորդի սկզբնամասին։

Ամեն։

Դընի Դոնիկյան

*

Թարգմանեց Նվարդ (Իվետ) Վարդանյան

 

Կիսվել սոց․ ցանցերում