Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառել է, որ Արագածոտնի թեմի հոգևորականների դեմ իրականացված իրավապահ գործողությունները դուրս են օրենքի շրջանակից։
«Ես պարզապես բացառում եմ, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում և որոնց մասին հայտարարվում է, դրանք որևէ կերպ դուրս լինեն իրավական ընթացակարգերի և օրենքի շրջանակներից», – կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է Փաշինյանը։
Հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմի 6 հոգևորականի և Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին բերման են ենթարկել նրանց բնակարանները խուզարկելուց հետո: Արագածոտնի թեմի առաջնորդին երկու ամսով կալանավորել են՝ հիմք ընդունելով Տեր Արամի հայտարարությունը։ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ն է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել դատախազություն՝ պահանջելով քննել Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանայի հայտարարությունները։
Սեպտեմբերի 16-ին Հանրային հեռուստատեսության եթերում Տեր Արամը հայտարարել էր, որ 2021-ին Հայ առաքելական եկեղեցու ներսում եղել է պարտադրանք՝ քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար։
Փաշինյանն ասում է, թե երեկ լուրերի թողարկումից է տեղեկացել, որ հանցագործության մասին հաղորդում է եղել և դրան արձագանք է եղել։
Հերքելով քաղաքական հրահանգների վերաբերյալ մեղադրանքները՝ վարչապետը նշեց, որ Հայաստանում պետական ինստիտուտները գործում են իրենց լիազորությունների շրջանակում, և չկան պաշտոնյաներ, ովքեր պատրաստ կլինեն կատարել ապօրինի հրահանգներ։
«Նույնիսկ եթե հրահանգ տրվի, ո՞վ է այդ հրահանգի ապօրինի գործողության պատասխանատվությունը վերցնելու։ Չկա նման բան պարզապես», – հավելել է նա։
Նա ընդգծեց, որ իրավապահ համակարգը գործում է կոնկրետ իրավական հիմքով։ Ըստ Փաշինյանի՝ ցանկացած քրեական ընթացակարգ սկսվում է միայն հանցագործության մասին հաղորդում ստանալուց հետո։
«Չի լինում քրեական ընթացակարգ՝ առանց հանցագործության մասին հաղորդագրության», – ասաց նա։
Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի փաստաբանների համոզմամբ դատարանի որոշումն ապօրինի է։