Երևանի քաղաքապետարանը պարգևներ է հանձնել մշակույթի և սպորտի ոլորտների ներկայացուցիչներին

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հիմնադրման 20-ամյակի առթիվ երկարամյա անձնվեր աշխատանքի և հայկական երաժշտարվեստն իր առանձնահատկություններով պահպանելու, զարգացնելու և սերունդներ կրթելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հիմնադիր, դիրիժոր, պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակ»-ի հուշամեդալով:

Երևանի քաղաքապետի պատվոգրերով պարգևատրվել են Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Գրիգորյանը, թառահարներ Արսեն Միրզոյանը և Դավիթ Ավագյանը:

Երևանի սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Էրեբունի-Երևան 2800-ամյակ»-ի հուշամեդալով է պարգևատրվել նաև միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Վարդապետյանը:

Պարգևները հանձնել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով ներդրած մեծ աշխատանքի ու նվիրումի համար՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ մշակութային այդպիսի կոլեկտիվներն ու մարզական աշխարհի նվիրյալները ոչ միայն հարստացնում են մայրաքաղաքի ու երկրի մշակութային և մարզական կյանքը, այլև օրինակ են սերունդների համար, ովքեր ավելի մեծ հավատով և վստահությամբ են առաջ շարժվելու իրենց մասնագիտական ու ստեղծագործական ճանապարհին։

Կիսվել սոց․ ցանցերում