ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ բացահայտվել են Աբովյանի նախկին համայնքապետի կողմից 2015–2021 թթ․ ընթացքում իրականացված ապօրինի հողային գործարքներ։ Նախաքննությամբ պարզվել է, որ նա, օգտվելով պաշտոնեական դիրքից, ձևական աճուրդներով և ուղղակի վաճառքով օտարել է համայնքին պատկանող հողատարածքներ, որոնք համարվել են ընդհանուր օգտագործման կանաչ գոտիներ և չէին կարող օտարվել։
Բացի այդ, նախկին ղեկավարը և համայնքապետարանի մի աշխատակից կեղծել են աճուրդների արձանագրությունները՝ ներմուծելով իրականությանը չհամապատասխանող տվյալներ մասնակցությունների և ստորագրությունների վերաբերյալ։
Նախկին համայնքապետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, իսկ նրա օժանդակին՝ համանման դրվագներով։ Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 49 միլիոն 178 հազար դրամ։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։
