Անվճար երթևեկող քաղաքացիների էական նվազում ունենք. Ավինյան

Առանց տոմսի ուղևորներին վարչական պատասխանատվության ենթարկելու ԱԺ օրենքը տվել է այդ մասով եկամուտների մոտավորապես 20 տոկոս աճ: Այսինքն՝ ահռելի թվերի տարբերություն է տվել: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի հարցին, թե տրանսպորտի բարեփոխման ոլորտում խորհրդարանի ընդունած օրենքն ինչ է տվել:

«Իրականում անվճար երթևեկող քաղաքացիների էական նվազում ունենք: Հիմա, երբ տուգանքներն իրականացնում ենք, շատ կետային ենք աշխատում, հասկանում ենք՝ կոնկրետ որ գծերի վրա կան կրկնվող դեպքեր:

Ուզում եմ իմանաք, որ ԱԺ մեր գործընկերների շնորհիվ ընդունված օրենքով մեր եկամուտների մի ահռելի մասը հիմա գալիս է քաղաքին»,- ասաց Ավինյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Ազգային ժողովն ընդունեց նախագիծ, համաձայն որի՝ վարչական պատասխանատվություն են ենթարկվում տրանսպորտային ծառայությունից առանց վճարման օգտվող անձինք: Տրանսպորտային միջոցից օգտվելիս ուղեվարձը չվճարողների տուգանքը 15 հազար դրամ է:

Կիսվել սոց․ ցանցերում