ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀԻՆ ՀՌՈՄԵԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐ 

Ռումինիայի Ալբա-Յուլիա քաղաքում իրականացված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է Հին Հռոմեական ժամանակների բնակավայր։ Մասնագետները նշել են, որ դա Աուրելիա Ապուլենսիս կոչված բնակավայրն է եղել։ Հնագիտական բացահայտումը կատարվել է քաղաքի շրջագծում՝ ավտոբուսային կանգառի կառուցման համար տարածքի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելիս։ Հայտնաբերվել են բնակելի տների, այլ շինությունների, ինչպես նաեւ՝ փողոցների մնացորդներ։

Հնագետները հայտարարել են, որ դրանք պատկանում են Տրայանոս կայսեր գահակալության շրջանին։ Լավ են պահպանվել փողոցային սալահատակները։ Տպավորություն է, որ մարդը տեղափոխվում է այդ հեռավոր ժամանակներ եւ զբոսնում Հին Հռոմեական բնակավայրի փողոցով։ Հայտնաբերվել են նաեւ գրվածքներ, որոնցում խոսվում է այն բնակավայրի հարուստ խավի կյանքի ու կենցաղի մասին։Հիշեցնենք, որ համաձայն պատմագիտական տվյալների, Աուրելիա Ապուլենսիս բնակավայրը հիմնադրվել է ՄԹ 107-108 թթ։ Այն կարեւոր նշանակություն է ունեցել Հռոմեական Դաքիա նահանգի համար։ Որոշ ժամանակ եղել է այդ նահանգի վարչական կենտրոնը։

 

Կիսվել սոց․ ցանցերում