Lragrogh.com-ի խմբագրություն է դիմել Արարատի մարզի Ազատավան համայնքի Նալբանդյան 3 հասցեի բնակիչ Արարատ Նահապետյանը: Քաղաքացին ահազանգում է, որ իր ջրագծերը փոխելուց հետո ջրաչափը շատ է գրանցում, ինչի պատճառով ինքը ստիպված է մեծ գումար վճարել:
«Ամեն առավոտյան, մինչեւ ջրի գալը, շատ մեծ քանակությամբ օդ է գալիս: Հաշվիչը սկսում է երկու-երեք անգամ ավելի արագ պտտվել, ինչի արդյունքում ես ամսական մոտ 15-16 հազար դրամ գումար եմ վճարում: Մի քանի անգամ դիմել ենք «Վեոլիա ջուր» ընկերությանը, պատասխանը ստացել ենք, որ օդը երկկողմանի է, որքան առավոտն է գալիս, այնքան էլ` երեկոյան, ջրերն անջատելուց հետո հետ է գնում: Բայց այդպիսի բան չկա: Ընկերության աշխատակիցները եկել, տեսել են, որ առավոտյան օդը գալիս է, իսկ երեկոյան, որ պետք է գան, նայեն, չեն գալիս` նայելու» :
Քաղաքացին նշում է, որ հարեւաններն էլ ունեն այդ խնդիրը եւ պատրաստվում են ստորագրություններով դիմել պատկան մարմիններին, քանի որ երեք ամիս է, ինչ ջրի խողովակները փոխելուց հետո բախվել են նման խնդրի:
Ըստ Արարատ Նահապետյանի`« Վեոլիա ջուր» ընկերությունը պատճառաբանել է, որ իրենց ներքին ցանցն է սխալ կառուցված, պետք է ծորակը փակ պահեն: Քաղաքացին էլ պնդում է, որ այդ ամենը կապ չունի ներքին ցանցի հետ:
« Իրենք իրենց ժամային գրաֆիկով տալիս են, անջատելուց հետո օդ է գալիս» ,- նշում է քաղաքացին:
