ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և մաքսային իրավախախտումների դեմ՝ կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են պետության և օրինապահ գործարար համայնքի շահերը։
Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» մաքսային անցման կետ ժամանած երեք բեռնատար տրանսպորտային միջոց ենթարկվել է մաքսային զննության: Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացված պատկերների արդյունքում պարզվել է, որ բեռնատարներում, որոնք մեկ ներկրողի միջոցով պետական սահմանով ցեմենտ են տեղափոխել, առկա է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտային արտադրանք: Ծխախոտները թաքցվել են ցեմենտի բունկերների տակ` զոդման եղանակով նախապես պատրաստված թաքստոցներում: Ստացված տեղեկությունների համաձայն՝ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 14 բաժնի աշխատակիցները հատուկ կտրող գործիքի օգնությամբ բեռնատարների թաքստոցներից դուրս են բերել առանց ակցիզային մակնշման ընդհանուր 6530 տուփ ծխախոտ:
