Հայաստանն ընտրվել է COP12 համաժողովի և MOP5 նստաշրջանի հյուրընկալող երկիր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի 11-րդ համաժողովի և Ծխախոտային արտադրանքի անօրինական առևտրի վերացման արձանագրության կողմերի հանդիպման չորրորդ նստաշրջանի ընթացքում Հայաստանն ընտրվել է որպես կողմերի 12-րդ համաժողովի հյուրընկալող երկիր։ Հայաստանը նաև ընտրվել է որպես Արձանագրության կողմերի հանդիպման հինգերորդ նստաշրջանի հյուրընկալող երկիր։ Հայտնում է ԱԳՆ-ն։

Կոնվենցիայի կողմերի 12-րդ համաժողովը (COP12) և Արձանագրության կողմերի հանդիպման հինգերորդ նստաշրջանը կայանալու են Երևանում 2027 թվականին։

Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջին միջազգային իրավական փաստաթուղթն է հանրային առողջապահության ոլորտում, որի նպատակն է պաշտպանել ներկա և ապագա սերունդներին ծխախոտի սպառմամբ և ծխախոտային արտադրանքի ազդեցությամբ պայմանավորված հիվանդություններից և մահերից։ Կոնվենցիայի կողմերի համաժողովը Կոնվենցիայի բարձրագույն որոշում կայացնող մարմին է, որի նիստերը հրավիրվում են յուրաքանչյուր երկու տարին մեկ՝ գնահատելու կատարված աշխատանքները, քննարկելու Կոնվենցիայի դրույթների կիրարկման առաջընթացը և ընդունելու նոր որոշումներ՝ ուղղված ծխախոտի «համաճարակի» կանխարգելմանն ու վերահսկմանը։ Կոնվենցիայի համաժողովներին լայն մասնակցություն են ունենում քաղաքացիական հասարակության, մասնավորապես՝ ոչ կառավարական կազմակերպությունների, բնիկ ժողովուրդների, ակադեմիական շրջանակների, կանանց կազմակերպությունների, երիտասարդության, մասնավոր հատվածի ներկայացուցիչները:

Կիսվել սոց․ ցանցերում