Այո, շատ ու շատ հոգևորականներ սուրբ չեն․ բայց նույնքան սուրբ չեն ոչ-խորհրդարանական ընդդիմությունը, ոչ այսօրվա իշխանությունը, ոչ էլ այն շրջանակները, որոնք այսօր մեր ազգային ու հոգևոր կյանքը ղեկավարում են։ Սուրբ չեմ նաև ես։ Բայց, մի կողմ դնենք ինքնախաբեությունը և նայենք իրականությանը։
Այսօր Հայաստանում ինչ է տեղի ունենում՞՝
Հանրային պարսավանքի թատրոն։
Մի հոգևորականը՝ նարկոման, մեկը՝ բռնաբարիչ, մյուսը՝ ապօրինի զավակով… Լավ, հասկացանք՝ սուրբ չեն։ Բայց հարցը սա չէ։
Հարցն այն է, թե ինչու՞ ենք այս ամենը դարձնում ամբողջ հանրության ու ամբողջ աշխարհի համար ներկայացում։
Հայաստանը առաջին քրիստոնյա ժողովուրդն է, և այսօր մենք ինքներս ենք բաց ձեռքով հրավիրում օտար պետություններին կասկածի տակ դնելու մեր հավատքի մաքրությունը, մեր եկեղեցու պաշտպանվածությունը, մեր ազգային ինքնության սյուները։ Սա ոչ թե պայքար է խնդիրների դեմ, այլ նվեր է նրանց, ովքեր ուզում են դիվիդենտ հավաքել մեր ներքին ճեղքերից։
Եթե իշխանությունը իսկապես իշխանություն է, եթե ունի հոգեբանական կայունություն, ապա նման խնդիրները կաբինետներում են լուծվում, ոչ թե հրապարակներում։
Կարելի էր շատ ավելի կոպիտ, շատ ավելի կոշտ, բայց փակ մեխանիզմներով «ականջը ոլորել» այդ քահանա կոչվածների։
Կարելի էր ստիպել հրաժարական տալ, հեռացնել, կարգապահական պատասխանատվության ենթարկել։
Այո, հասկանում ենք, որ այդ քահանաների «քաղաքական հայրերը» նույնպես խաղի մեջ են։ Բայց դա էլ ունի լուծում, եթե օրվա իշխանությունը քաղաքական կամք ունի՞։
Ու հենց այստեղ է մեծ հարցականը․
Եթե իշխանությունը կարող էր այս ամենը կարգավորել փակ, արագ ճանապարհներով, ապա ինչու՞ չարեց
Հարցը մնաց օդում։
Եվ այդ հարցն ավելի ծանր է, քան ցանկացած քահանայի անձնական մեղքը։
