Մոտ 19 մլն մարդ ԱՄՆ արեւմուտքում եւ միջին արեւմուտքում ձյան առատ տեղումների ու ուժեղ քամիների մասին նախազգուշացումներ է ստացել, որոնք անցնում են տարածաշրջաններով, տեղեկացրել է NBC News-ը։
Շաբաթ օրն առավոտյան ձյուն է տեղացել հյուսիսային հարթավայրերում եւ Ժայռոտ լեռներում, Մոնտանայից մինչեւ Դակոտա։ Սպասվում է, որ այդ տեղումները կշարունակվեն ամբողջ օրրվա ընթացքում, իսկ օրվա երկրորդ կեսին ձյունն աստիճանաբար կտեղափոխվի Այովա եւ Մինեսոթա։
Շաբաթ օրը երեկոյան ձյունը կտեղափոխվի Իլինոյս, Միսուրի եւ Վիսքոնսին նահանգներ, սպասվում է ձնամրրիկ։ Ձմեռային եղանակի արագ փոփոխությունը կազդի այս տարածաշրջանի վրա, ներառյալ Չիկագոն, գիշերային ժամերին։
Ձյուն կտեղա Միչիգանի, Ինդիանայի եւ Օհայոյի որոշ շրջաններում, բայց երկար կմնա Իլինոյսում կիրակի առավոտյան։ Ձյունն արագ կտեղափոխվի եւ կհասնի հյուսիսարեւելյան շրջաններ կիրակի երեկոյան։ Ձյուն կտեղա ողջ տարածաշրջանում կիրակի ողջ գիշեր, իսկ երկուշաբթի առավոտյան կդադարի։ Ձյան ամենամեծ քանակությունը կտեղա լեռներում, որտեղ Վայոմինգի, Յութայի, Մոնտանայի եւ Կոլորադոյի որոշ շրջաններում կարող է 5-12 դյույմ ձյուն տեղալ, իսկ որոշ շրջաններում հնարավոր է 20 դյույմ։
Ձյունը 60 մղոն/ժամ արագությամբ պոռթկուն քամիների հետ միասին կդժվարացնի տեղաշարժը լեռներում հանգստյան օրերին։ Օդերեւութաբանները սպասում են, որ միջին արեւմուտքի տարածքում Դակոտայից մինչեւ Միչիգան լիճ, ներառյալ Չիկագոն, կտեղա 2-5 դյույմ ձյուն։ Այովայում հնարավոր է 6-8 դյույմ։
Ընդհանուր առմամբ, երկրի հյուսիս-արեւելքում տեղումները աննշան կլինեն, դեպքերի մեծ մասում կտեղա մոտ 1 դյույմ ձյուն։ Օդերեւութաբանները սպասում են 2-4 դյույմ տեղումներ Նյու Յորքի արեւմտյան մասում։
