Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության փուլ․ Փաշինյան

Կանցլերի Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2 երկրների միջև հարաբերությունները տեղափոխում են ռազմավարական գործընկերության փուլ․

«Այցը, հիրավի, պատմական է, քանի որ այսօր Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության փուլ, ինչը քիչ առաջ արձանագրվեց Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին հռչակագրի ստորագրմամբ։ Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառության վրա», — ասել է Փաշինյանը։

 

Նիկոլ Փաշինայնի խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների և կայուն զարգացման գործում, ինչը հերթական անգամ ամրապնդվեց հոկտեմբեր ամսին Բեռլինում կայացած Հայաստան-Գերմանիա միջկառավարական բանակցությունների արդյունքում։

 

 

«Կանցլերի հետ քննարկեցինք մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերը։ Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է, Եվրոպական Միությունում` առաջինը, և մենք շահագրգռված ենք փոխշահավետ տնտեսական համագործակցության հետագա շարունակման ու զարգացման հարցում։

 

Կարևորեցինք Գերմանիայի հետ ակտիվ զարգացող համագործակցությունը կրթության և գիտության բնագավառում, այս առումով գոհունակությամբ արձանագրեցինք, որ հայկական կրթական նախաձեռնություններից Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնները մեծ հաջողություն են գրանցում Գերմանիայի բազմաթիվ քաղաքներում՝ երիտասարդներին հնարավորություն տալով հրաշալի միջավայրում ստանալու տեխնոլոգիական կրթություն»,-նշեց վարչապետը։

Հիշեցնենք՝ այսօր վարչապետ Փաշինյանը հանդիպել է նաև ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։

Կիսվել սոց․ ցանցերում