Մшտաղացու քահանա չի փնտրվու՞մ մինչև կիրակնօրյա պատարագ
Այո, շատ ու շատ հոգևորականներ սուրբ չեն․ բայց նույնքան սուրբ չեն ոչ-խորհրդարանական ընդդիմությունը, ոչ այսօրվա իշխանությունը, ոչ էլ այն շրջանակները, որոնք այսօր ղեկավարում են մեր ազգային ու հոգևոր կյանքը։ Սուրբ չեմ նաև ես։ Բայց եկեք մի կողմ դնենք ինքնախաբեությունը և նայենք իրականությանը՝ այն իրականությանը, որտեղ պետական իշխանությունը սկսում է զբաղվել ոչ թե խնդիրների լուծմամբ, այլ խորհրդանշական զոհաբերումով։
Այս կիրակի Նիկոլ Փաշինյանը կրկին պատրաստվում է մտնել մի եկեղեցի։ Իսկ նրա այս մուտք-ելքերին, այս «պատարագային շրջագայություններին զուգահեռ շարունակվում են քահանաների նկատմամբ իրականացվող ձերբակալությունները, հարցաքննությունները, ճնշումները։ Քանի որ իշխանության ինքնապահպանման մեխանիզմը վաղուց դուրս է եկել քաղաքական դաշտի սահմաններից և մտել է առասպելական «մատաղի» տարածք։
Այո, ստացվում է՝ իշխանությունն այսօր գործում է շատ պարզ բանաձևով․
մինչև յուրաքանչյուր վարչապետական այց որևէ եկեղեցի, ինչ-որ մեկը պետք է “մատաղ” դառնա։
Արդյո՞ք այս կիրակի Փաշինյանը մտնելու է խաղաղության տուն, թե՞ հերթական անգամ ապահովված այցի համար նախապես փնտրում է այն «մատաղացու քահանային», ում միջոցով պետք է նորից ուժի ցուցադրման արարողություն բեմադրվի։
Որովհետև երբ պետությունն իրական հավատք չունի, սկսում է օգտագործել եկեղեցին՝ որպես քաղաքական բեմ, իսկ կաթողիկոսներն ու քահանաները դառնում են էժան դեկոր։
Այսօր Հայաստանում իրավիճակն աբսուրդով է շնչում։
Քահանան ձերբակալվում է, որովհետև իշխանությունը ուզում է “հավատացյալ վախեցնի”։
Քարոզը դառնում է «քաղաքական վտանգ»։
Եկեղեցու զանգը ավելի բարձր է հնչում, քան կառավարության ճյուղավորված մեդիան։
Փորձը ցույց է տալիս․ երբ քաղաքականությունն սկսում է խաղալ սուրբ տարածքների հետ, դա ոչ թե հավատքի պաշտպանություն է, այլ իշխելու տեխնոլոգիա։ Երբ վարչապետը շրջում է եկեղեցիներով՝ խաչի տակ բրենդավորված PR-ով, իսկ մյուս կողմից ոստիկանությունը քաշքշում է քահանաներին, ապա մեկ բան է ակնհայտ՝
իշխանությունն այլևս չի տարբերում, թե որտեղ է վերջանում աստվածավախությունը և որտեղ է սկսվում իշխանապաշտությունը։
Եվ ահա նորից կիրակի է մոտենում։
Օդում կախված է մի պարզ հարց․
մտածում են արդյո՞ք՝ հաջորդ «պատարագային այցից» առաջ նորից պետք է մեկին մատաղ անեն։
Հանրային պարսավանքի թատրոն
Այո, շատ հոգևորականներ սուրբ չեն։ Յուրաքանչյուր օր մենք լսում ենք մեղքերի ու պատմությունների մասին՝ մեկը՝ նարկոման, մեկը՝ բռնաբարիչ, մեկը՝ «ապօրինի զավակ ունեցող»։ Դե լավ, հասկացանք։ Բայց հարցը այլ է։
Ինչո՞ւ ենք այս ամենը դարձնում ներկայացում ողջ հանրության և ամբողջ աշխարհի համար։
Հայաստանը առաջին քրիստոնյա ժողովուրդն է, և այսօր մենք ինքներս ենք հրավիրում օտարներին՝ կասկածի տակ դնելու մեր հավատքի մաքրությունը, մեր եկեղեցու պաշտպանվածությունը, մեր ազգային ինքնության սյուները։ Սա պայքար չէ խնդիրների դեմ։
Սա նվեր է նրանց, ովքեր շահարկում են մեր ներքին ճեղքերը։
Եթե իշխանությունը իսկապես իշխանություն է, եթե ունի հոգեբանական կայունություն, ապա նման խնդիրները լուծվում են կաբինետներում, ոչ թե հրապարակներում։ Կարելի էր շատ ավելի կոպիտ, շատ ավելի կոշտ, բայց փակ մեխանիզմներով «ականջը ոլորել» այդ քահանա կոչվածների։ Կարելի էր պարտադրել, հեռացնել, կարգապահական պատասխանատվության ենթարկել։
Այո, հասկանում ենք, որ այդ հոգևորականների «քաղաքական հայրերը» նույնպես խաղի մեջ են։ Բայց դա էլ ունի լուծում, եթե օրվա իշխանությունը իրոք քաղաքական կամք ունի։
Եվ հենց այստեղ է մեծ հարցականը․
Եթե իշխանությունը կարող էր այս ամենը լուծել արագ ու լուռ, ապա ինչո՞ւ չարեց։
Հարցը մնաց օդում։
Եվ այդ հարցն այսօր շատ ավելի ծանր է, քան ցանկացած քահանայի անձնական մեղքը։
