2015-ի հունվարի 12-ը Հայաստանի նորագույն պատմության այն սև էջն է, որը մինչ օրս պատասխաններ է պահանջում: Գյումրիում Ավետիսյանների անմեղ ընտանիքի բնաջնջումը դարձավ մեր պետական արժանապատվության լակմուսի թուղթը, որը նախկին իշխող համակարգը չկարողացավ պատվով հանձնել:
Այս ողբերգությունը վեր հանեց այն ժամանակվա իշխանությունների իրական մոտեցումը սեփական քաղաքացու նկատմամբ.
Ինչո՞ւ Ռուսաստանում մեր հայրենակից Հրաչյա Հարությունյանին թույլ տվեցին նվաստացնել՝ դատարան տանելով կանացի խալաթով, բայց մեր սեփական հողում յոթ հոգու սպանած Պերմյակովին այդպես էլ չկարողացան կանգնեցնել հայկական արդարադատության առջև:
Ո՞ւր մնացին Գևորգ Կոստանյանի հանրային խոստումները, որոնք շատ արագ վերածվեցին քաղաքական լռության:
Սա էր «համակարգային հպատակության» դեմքը, երբ քաղաքացու կյանքն ու ազգային արժանապատվությունը ստորադասվում էին կոնյունկտուրային շահերին: Հոկտեմբերի 27-ից մինչև Գյումրու ոճիրը՝ մենք տեսել ենք նույն ձեռագիրը. անպատժելիություն և թերի բացահայտումներ:
Այսօր, երբ նույն շրջանակները փորձում են խոսել արժեքներից, հարկ է հիշեցնել. պատմությունը հնարավոր չէ ջնջել: Արդյո՞ք այդ արագությամբ թեման փակելու փորձերը սեփական ձախողումները քողարկելու ցանկություն չէին: Արդարադատությունը չի կարելի վաճառել, իսկ նրանք, ովքեր փորձեցին դա անել, արդեն իսկ ստացել են պատմության գնահատականը:
