Նիկոլի վերջին քայլը թիմին դավաճան անվանելով ու հեռանալո՞վ
ՔՊ-ի ստվերային շարունակությունը․ Ավինյանի կուսակցությունը՝ Նիկոլի ծրագրո՞վ
Քաղաքական ականից դուրս գալու սցենարը․ երբ «փոխարինող ոտքը» դառնում է նոր վարչապետ
Քաղաքական գործընթացները հազվադեպ են քաոսային։ Դրանք գրեթե միշտ ունեն ներքին տրամաբանություն, նույնիսկ այն ժամանակ, երբ արտաքինից թվում են հակասական կամ ինքնաոչնչացնող։ Այսօր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում ընթացող շարժերը հենց այդպիսի գործընթաց են՝ ոչ թե սխալների շղթա, այլ հաշվարկված հեռացում պատասխանատվությունից։
Եթե նայենք սառը քաղաքական տրամաբանությամբ, ապա ակնհայտ է դառնում հետևյալը․ Նիկոլ Փաշինյանը աստիճանաբար ազատվում է իր իսկ թիմի «կառկառուներից»։ Ոչ թե պատժում է, այլ հեռացնում՝ մաշելով, դուրս մղելով, անտեսանելի դարձնելով։ Սա չի արվում հանկարծակի․ սա փուլային գործողություն է, որի նպատակն է ազատվել այն մարդկանցից, որոնց վրա կկուտակվի քաղաքական ամբողջ մեղքը։
Այս սցենարի երկրորդ փուլը ավելի հետաքրքիր է։ Նիկոլ Փաշինյանի համար խնդիրը այլևս իշխանությունը պահելը չէ՝ իր անունով։ Խնդիրը պայթյունից դուրս գալն է։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մեկ պարզ բան՝ քաղաքական ականը թողնել ուրիշի ոտքի տակ։
Այստեղ է ի հայտ գալիս Ավինյանի գործոնը։
Լիովին հնարավոր և քաղաքականապես տրամաբանական է, որ մի «սիրուն օր» Տիգրան Ավինյանը, Նիկոլի լուռ համաձայնությամբ կամ ուղղակի ծրագրով, հայտարարի նոր կուսակցության ստեղծման մասին։ Այդ կուսակցությունը չի լինի ՔՊ, բայց նաև ընդդիմություն չի լինի Նիկոլին։ Այն կձևավորվի հենց ՔՊ-ից դուրս եկած, հիասթափված, բայց դեռ համակարգին հավատացող մարդկանց հաշվին։ Այսինքն՝ նույն նյութը, պարզապես նոր փաթեթավորմամբ։
Այդ պահին Նիկոլը ստանում է այն, ինչ իրեն պետք է՝ փոխարինող ոտք։
Սցենարի ամենավտանգավոր, բայց ամենահաշվարկված հատվածը հենց այստեղ է․
երբ Ավինյանը առաջադրվում է որպես վարչապետի թեկնածու, Նիկոլ Փաշինյանը հրապարակային կերպով «զայրանում է», հայտարարում է, թե իրեն դավաճանել են, որ ինքը այլևս չի կարող այս ժողովրդի հետ ճանապարհ անցնել, հրաժարական է տալիս և հեռանում՝ բարոյական վիրավորվածի, ոչ թե քաղաքական մեղավորի կերպարով։
Այս քայլով նա միաժամանակ անում է երեք բան․
պատասխանատվությունը թողնում է նոր ձևավորվող թիմի վրա,
իր նախկին թիմին ներկայացնում է որպես դավաճանների խումբ,
իրեն դուրս է բերում պատմության ծանր էջից՝ որպես «չհասկացված առաջնորդ»։
Իսկ ովքե՞ր են մնում ականի վրա։
Մնում են նրանք, ովքեր հավատացել են, որ «նոր թիմ» են կառուցում։ Մնում են երիտասարդները, տեխնոկրատները, «մաքուր էջից սկսելու» խոստումներին հավատացողները։ Նրանք, ովքեր դեռ չեն հասկացել, որ իրենց դնում են ոչ թե վերելքի, այլ պայթյունի կետում։
Սա է ամբողջ տրամաբանությունը․
ոչ թե փրկել համակարգը, այլ փրկել մեկ մարդուն համակարգի փլուզումից։
Ոչ թե ապագա կառուցել, այլ անցյալից փախչել։
Երբ քաղաքական ականը պատրաստ է պայթել, առաջինը չեն զոհվում թագավորները։
Առաջինը դրվում է ուրիշի ոտքը։
