<Իրանը եւ Հայաստանը ունեն բազմաթիվ մշակութային ընդհանրություններ, սակայն, չնայած այդ ընդհանրություններին եւ մշակութային կապերին, որոնք գոյություն ունեն երկու երկրների միջեւ, հայ ժողովուրդը բավականաչափ ծանոթ չէ Իրանի մշակութային վայրերին, պատմական հուշարձաններին։ Ինչպես գիտեք, երկու երկրների միջեւ ճամփորդելը հեշտ է՝ հաշվի առնելով վիզային ռեժիմի բացակայությունը։ Հուսով ենք, որ այս միջոցառումը կնպաստի, որ հայ ժողովուրդն ավելի մոտիկից ծանոթանա Իրանի պատմական հուշարձաններին>,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի տնօրեն Մոհամմադ Ասադի Մովահեդը։
Հարցին, թե Իրանի ժողովուրդը որքանով է ծանոթ հայկական մշակույթին, Մոհամմադ Ասադի Մովահեդն արձագանքեց․ <Իրանցի ժողովուրդը բավականին լավ ծանոթ է հայ մշակույթին եւ հայ հուշարձաններին։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ռուսաստանից եւ Վրաստանից հետո Հայաստանում ամենաշատ զբոսաշրջիկներ ունի Իրանը։ Եթե նկատել եք, տոներին եւ հատուկ օրերին այստեղ ներկա են լինում բազմաթիվ իրանցիներ։ Երկրորդ գործոնը, թերեւս, մեր իրանահայ հայրենակիցներն են եւ նրանց համայնքի գոյությունն Իրանում։ Որպես օրինակ՝ այս տարվա Ամանորի տոնակատարության գիշերն անձամբ ներկա եմ գտնվել Հանրապետության հրապարակում, եւ կարող եմ ասել, որ այնտեղ գտնվողների հիսուն տոկոսն իրանցիներ էին>։
Lragrogh.com-ը հետաքրքրվեց, թե հայ գրողներին թարգմանու՞մ են պարսկերեն, եթե այո, ապա ո՞ր գրողներին։
<Անցյալ տարի դեսպանության նախաձեռնությամբ եւ աջակցությամբ հայերենից պարսկերեն տասը ստեղծագործություն է թարգմանվել։ Մշակույթի կենտրոնը, նաեւ՝ դեսպանությունը, աջակցում են հայ գրողներին պարսկերեն թարգմանելու գործում։ Թարգմանվել են Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի գործերը, ես ունեմ իրանահայ ընկեր, որը հարյուր հիսունվեց ստեղծագործություն է թարգմանել հայերենից պարսկերեն >,- ասաց Մոհամմադ Ասադի Մովահեդը։
