Ռուբեն Վարդանյանը Բшքվпւմ 4 ամսով կшլшնшվпրվել է

Ադրբեջանի Սաբայիլի շրջանային դատարանը քննել է Լեռնային Ղարաբաղի  նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով Պետական անվտանգության ծառայության քննչական վարչության հայցը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, դատավոր Ուլվիա Շուքյուրովայի նախագահությամբ տեղի ունեցած դատավարության ժամանակ առաջարկը բավարարվել է։

Դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։

Քիչ առաջ հայտնել էինք, որ ԼՂ նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում պաշտոնապես մեղադրանքներ են ներկայացվել՝ վերջինիս մեղսագրելով գոյություն չունեցող հանցանքներ ահաբեկչության ֆինանսավորման և այլ գոյություն չունեցող հանցանքների համար:

Երեկ հայտնի դարձավ, որ ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, երբ այսօր փորձել էր հատել Հակարիի կամուրջը և գալ Հայաստան, նրան Ադրբեջանի սահմանային ծառայության ծառայողները ձերբակալել են և տեղափոխել Բաքու: Տեղեկությունը նախ գրեցին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա հաստատեց Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, այնուհետև՝ Ադրբեջանի սահմանային ծառայությունը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հստակ տեղեկություն չունի՝ Վարդանյանը հրաժարվե՞լ է ՌԴ քաղաքացիությունից, թե՞ ոչ: Եթե չի հրաժարվել, ապա ՌԴ-ն իր քաղաքացու ձերբակալման առնչությամբ քայլեր կձեռնարկի: Իսկ Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ տեղեկություն ստանալու, թե ո՞ւր են տարել Ռուբեն Վարդանյանին և ի՞նչ վիճակում է նա:

ՀՀ ԱԳ նախարարությունն էլ հայտարարել է, որ կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար:

Կիսվել սոց․ ցանցերում