Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, որոնք ներկայումս գտնվում են համապատասխան մասնագիտական կառույցների ուշադրության կենտրոնում։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։
Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք:
Արձանագրված կլինիկական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում և մարմնի ջերմաստիճանի բարձրացում, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։
ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետները ներկայումս շարունակում են համաճարակաբանական համալիր հետազոտությունները՝ վարակի հնարավոր աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման նպատակով։
Այդ շրջանակում իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ դիմել և շարունակում են դիմել շտապօգնության ծառայություն սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում գանգատներով։ Ապրիլի 21-ի երեկոյան՝ ժամը 19։00-20:00-ից սկսած, եղել են շտապօգնության բազմաթիվ կանչեր, ժամը 22։00-23:00-ի սահմաններում նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը հասել է 30-ի։
