Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ և սոցիալական մերիայի էջեր սեպտեմբերի 2-ին տարածել են լուսանկար, որտեղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոնարհվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առջև՝ Բիշքեկում տեղի ունեցած երկու երկրների պատվիրակությունների հանդիպման ժամանակ։
Այս մասին գրել է Fip.am-ը։
«Լուսանկարը տարածել են Oragir{.}am-ը, սոց. մեդիայի տարբեր օգտահաշիվներ (1, 2, 3), իսկ լուսանկարի հիման վրա մեկնաբանություն է հրապարակել Hraparak{.}am կայքը:
Մասնավորապես, կայքը գրել է. «Ալիևին բարևելիս՝ Մհեր Գրիգորյանի մարմնի լեզուն։ Այստեղ արդեն ոչ հայերեն է պետք, ոչ ռուսերեն, ոչ էլ անգլերեն։ Նկարը կարծես ինքն է ասում այն, ինչ հազար բառով դժվար կլիներ բացատրել․ ՇՀԿ-ում՝ հայերեն։ Պուտինի մոտ՝ ռուսերեն։ Ալիևի մոտ՝ Մհեր Գրիգորյանի մարմնի լեզվով»:
«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Բիշքեկում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպման տեսանյութի բնօրինակը։
Արդյոք Գրիգորյանը խոնարհվում է Ալիևին բարևելիս
InVid գործիքի միջոցով կատարած տեսանյութի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ալիևի հետ ձեռքսեղման ժամանակ Գրիգորյանի խոնարհման նման դրվագ չկա։ Երկու պաշտոնյաների ձեռքսեղման դրվագը սկսվում է 00:02 վայրկյանից, տևում մինչ 00:04 վայրկյանը: Դրվագային ուսումնասիրությունից հստակ երևում է, որ Գրիգորյանը չի խոնարհվում Ալիևի առջև:
Fip.am-ը ուսումնասիրել է նաև տեսանյութը և լրատվամիջոցներում հրապարակված վերոնշյալ կադրերը համադրել է տեսանյութի կադրերի հետ, ինչը նույնպես ցույց է տվել, որ Մհեր Գրիգորյանը չի խոնարհվել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
