Սեպտեմբերի 29․Օրվա խոսք`«ՏԵՐԸ ՓՐԿՈւԹՅՈւՆ Է ԲԵՐՈւՄ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ»:

ՄԻՔԻԱ 7: 1 Վա՜յ ինձ, որ ամառային պտղաքաղի նման եմ և այգեկութի ճռաքաղի պես. ողկույզ չկա ուտելու, ոչ էլ մի վաղահաս թուզ, որ փափագում է սիրտս։ 2 Բարեպաշտը կորչում է երկրից, և մարդկանց մեջ ուղղամիտը չկա. ամենքն արյան համար դարան են սարքում, ամեն մարդ իր եղբորը որսում է ցանցով։ 3 Նրանց ձեռքերը չարություն անելու հմուտ են, իշխանավորը ավելի շատ հարկ է պահանջում, դատավորը՝ կաշառք, մեծամեծը իր սրտի ցանկացածն է խոսում, և միահյուսվում են։ 4 Նրանց լավագույնը փշի նման է, ուղղամիտը՝ փշե ցանկապատի. հասնում է օրը քո պատժի. նրանց շփոթությունը հիմա պիտի լինի։ 5 Մի՛ հավատացեք բարեկամին, ընկերոջը մի՛ վստահեք, ծոցդ պառկողից պահի՛ր բերանիդ դռները։ 6 Որովհետև որդին անարգում է հորը, դուստրը մոր դեմ է ելնում, հարսը՝ իր սկեսուրի դեմ. մարդու թշնամին իր ընտանիքն է։ 7 Բայց ես, ես Տիրոջն եմ նայում, կսպասեմ իմ փրկության Աստծուն. ինձ պիտի լսի իմ Աստվածը։ 8 Մի՛ ուրախացիր իմ դեմ, ո՛վ իմ թշնամի. թեև ընկնեմ, վեր կկենամ, թեկուզ խավարի մեջ նստեմ, Տերն ինձ լույս կլինի։ 9 Տիրոջ ցասումը պիտի կրեմ, որովհետև նրա դեմ մեղք եմ գործել, մինչև որ նա պաշտպանի իմ դատը և ինձ իրավունք տա, ինձ լույսին հանի, որ նրա արդարությունը տեսնեմ։ 10 Այն ժամանակ իմ թշնամին կտեսնի, և ամոթը կպատի նրան, որ ասում էր ինձ, թե՝ «Ո՞ւր է Տերը՝ քո Աստվածը», իմ աչքերը կտեսնեն նրան. հիմա նա ոտնակոխ պիտի լինի, ինչպես փողոցի ցեխը։ 11 Այն օրը, երբ քո պարիսպները կշինվեն, նույն օրը սահմանները կընդարձակվեն։

Կիսվել սոց․ ցանցերում