Հրճվողները բոլոր այն տարրերն էին, որոնք դժգոհ էին ցարիզմից, համարում էին նրան չարիք եւ դժբախտություն ժողովրդի բարօրության տեսակետից

Քանի որ ԱԺ  առաջիկա  ընտրություններին  ընդառաջ հայ հասարակությանը առաջարկվում է աշխարհաքաղաքական ընտրություն` մնա՞լ  ՌԴ—ի  դաշնակից, թե՞  սերտացնել  հարաբերություններն Արեւմուտքի հետ,  արժե  հետահայաց ծանոթանալ մեկ դար առաջ տեղի ունեցած  պատմական իրադարձություններին եւ հայ  ժողովրդի արձագանքին:

Lragrogh.com-ը ներկայացնում է Լեոյի  «Անցյալից »   գրքից մի հատված:

«Ռուս-ճապոնական պատերազմը  1904 թ. ամռանը մի շարք խայտառակ պարտություններ  բերեց  Նիկոլայ  ցարի զենքին:  Ինքնակալական  Ռուսաստանը թե’  Արեւելքում,  եւ  թե’ Արեւմուտքում  անպարտելի եւ անհեթեթ  հսկայի  համբավ  ուներ:  Այժմ  ստացվեց, որ դա մի դատարկ հեքիաթ է եղել: Իր ամբարտավանության մեջ  ցարիզմը ծաղր ու ծանակի առարկա դարձավ  ոչ  միայն  մեծերի  եւ  ուժեղների,  այլեւ  մանավանդ  փոքրերի  ու  տկարների  համար:

Հայ  ժողովուրդը,  պետք է ասել առանց  վերապահումների, հրճվում էր  ռուսական պարտություններից:  Սա նկատելի էր ամեն տեղ եւ մանավանդ Կովկասյան հանքային  ջրերում, ուր ես էլ  բժշկվում էի  1904  թվին:  Այս  հրճվանքը  նկատում էին  ռուս   բյուրոկրատները  եւ հաշվի էին  առնում:  Պետք էր տեսնել, թե ինչեր էին  կատարվում  Պյատիգորսկի եւ  Էսենտուկիի  բուլվարներում օրը երկու անգամ, երբ  դուրս էին գալիս առավոտյան եւ երեկոյան  հեռագրերը:  Դրանք ծախող  երեխաները  վազում էին  եւ բարձր  բղավում  նոր ստացած տեղեկությունների  բովանդակությունը, որ  պատմում էր ռուս զորքի պարտությունների   մասին:  Վրդովված  գեներալները,  սպաները  եւ չինովնիկները  բարկանում  էին   հեռագրավաճառների  վրա, երբեմն  նույնիսկ խփում  էին եւ հրամայում  լռել.  բայց  մի քիչ հեռու լրագրավաճառների վրա թափվում էր  հետաքրքրվողների   մի  ամբողջ  բազմություն, եւ  լրագրերի կույտերը  մի ակնթարթում  անցնում էին  գնողներին, որոնք  երկար շարքերով  նստոտում  էին  նստարանների վրա եւ  խորասուզվում  ընթերցանության մեջ:  Բավականություն,  նույնիսկ  ուրախություն, ահա ինչ կարելի էր կարդալ այդ ընթերցող  հասարակության  դեմքերին:  Օտարացի  հանգամանք: Կարծեք  թե մի թշնամի  երկրում էինք:

Բայց   մի՞թե  կարելի է ասել, թե  միմիայն  հայերն էին  հրճվողները:  Ո’չ, այսպիսի  բան  երբեք   չի  կարելի  ասել:  Հայերը  հրճվողներից  մեկն էին,   ուրիշ  ոչինչ:  Իսկ  հրճվողները  բոլոր  այն տարրերն էին` առանց  լեզվի, սեռի, հասարակական դիրքի  եւ քաղաքական  դավանության  խտրության, որոնք  դժգոհ էին  ցարիզմից, համարում  էին  նրան  չարիք եւ  դժբախտություն  ժողովրդի  բարօրության  տեսակետից»:

Կիսվել սոց․ ցանցերում