Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել։ Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով ու արհամարհանքով լի ժպիտներ, կատակի տակ քողարկված չարախոսություններ․ «Մի’ համառեք », «Ոչինչ չունենք ձեզ համար », «Թողեք ձեր հասցեն, կգրենք », «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու… » : Այս եւ նման այլ արտահայտություններ: Ես ճաշակել եմ այդ բոլորը:
Շատերի նամն կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել։
Շատերի նման մտածել եմ, որ գուցե ավելի լավ կլիներ ոչինչ չասել։
Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ։
Կասկածն ու հուսահատությունը, չհասկացված լինելու ու բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ։ Բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պաշտպանվելու համար։
Քաղցը, ցուրտը, հոգնածությունը, զսպված արցունքը իմ ճանապարհի անբաժան ընկերներն են եղել։
