Գեղջկական մտորումներ

2020 թվականի 44-օրյա աղետալի պարտությունից, Արցախի հայ ժողովրդի բռնի տեղահանությունից և Հայաստանին պարտադրած խաղաղությունից հետո (հուսանք՝ կստորագրվի վերջնական փաստաթուղթ) ԹՐԻՓՓ-ը չարյաց փոքրագույնն է և հավանաբար առավելագույն հնարավորը, որ կարող էր ստանալ Երևանը:
Անշուշտ, լավ կլիներ, որ Հայաստանը ունակ լիներ իր ճանապարհներն ու սահմանները վերահսկեր միայնակ, այդ թվում՝ ԹՐԻՓՓ-ը և հայ-թուրքական սահմանը, որտեղ 1992-ից կանգնած են նաև ռուս սահմանապահներ:
Այսօր Երևանում Հայաստանի և ԱՄՆ արտգործնախարարները ստորագրեցին հետևյալ տեքստը․ «Կողմերը ճանաչում են, որ Հայաստանը լիակատար ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և իրավազորություն է պահպանում Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ»։
Մարկո Ռուբիոյի մեկ ժամանոց կանգառը Հայաստանում առաջին հերթին Վաշինգտոնից Երևանին հրապարակային աջակցություն էր մի ժամանակահատվածում, երբ Մոսկվայից հնչում են, մեղմ ասած, մտահոգիչ հայտարարություններ:
Ինչու եմ ԹՐԻՓՓ-ը համարում չարյաց փոքրագույն կամ պարտված պայմաննարում հնարավոր առավելագույնը, որովհետև մյուս տարբերակները ուղղակի կատաստրոֆիկ ու ավելի վատն էին լինելու.
ա/ մեր արևելյան ու արևմտյան հարևանները զավթելու էին միջանցք կամ փորձելու էին զավթել,
բ/ ՌԴ Սահմանապահ ծառայությանն էին տրվելու, ինչպես նշված էր 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ:
ԹՐԻՓՓ-ի հետ կապված մի կարևոր հարց մնում է օդում կախված, գուցե էլի հարցեր, հաստատապես կան, բայց այս մեկը հատկապես էական է. ի՞նչ է լինելու հայ-իրանական մոտ 44 կմ երկարությամբ սահմանի երկայնքով կանգնած ռուս սահմանապահների հետ: Նրանք այստեղ են, ինչպես հայ-թուրքական սահմանի երկայնքով, 1992-ից:
Նրանք շարունակելո՞ւ են կանգնած մնալ, եթե այո, ապա ԹՐԻՓՓ-ի ու Արաքսի մի՞ջև:
Հուսանք, այս հարցը աշխարհաքաղաքական լարվածության պատճառ չի դառնա:
Մի կողմ թողնենք հարևան Իրանի գործոնը՝ հույսով, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կգան համաձայնության:
Հայաստանի ամենակարևոր երկու հողաշերտերն են՝ Արաքսի հովիտը Մեղրիում, և Դեբեդի հովիտը՝ Նոյեմբերյանում:
Մենք պետք է կարողանանք պահել Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը: Աղետից ու արհավիրքից հետո հատկապես մենք պարտավոր ենք պահել:
Թ. Հ.
26 մայիսի, 2026թ, Երևան
Կիսվել սոց․ ցանցերում