Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար յուրաքանչյուր փրկարարական գործողության բացարձակ առաջնահերթությունն ու գլխավոր նպատակը կենդանու կյանքն ու բարեկեցությունն է, սակայն ոչ պակաս կարևոր ենք համարում հայ հասարաության մեջ արմատախիլ անել վայրի կենդանու նկատմամբ սպառողական մոտեցումը՝ քմհաճույքի պատճառով պայմանավորված վայրի կենդանուն զրկելու իր բնական միջավայրից, նշվում է հիմնադրամի հայտարարության մեջ։
«Հետևելով Երևանի կենդանաբանական այգի կենդանիների տեղափոխման ընթացքում արձանագրված առյուծի անկման փաստին, ընդգծենք, որ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը ոչ թե բուն տեղափոխման գործընթացն է, այլ այն հանգամանքը, թե ինչպես և ինչ իրավական հիմքերով են վայրի կենդանիները հայտնվում ու տասնամյակներ շարունակ պահվում մասնավոր տարածքներում ոչ ճիշտ և առանց մասնագիտական մոտեցումների:
Տվյալ դեպքը վեր է հանում Հայաստանում վայրի կենդանիների առևտրի, սև շուկայի գոյության և դրան նպաստող օրենսդրական բացերի խնդիրը։ Տարիներ շարունակ տարբեր մասնավոր հավաքածուներում կենդանիների անհասկանալի ծագումնաբանությունը, նրանց վերարտադրության արդյունքում ծնված ձագերի անհետացումն անհայտ ուղղություններով և կենդանիների ճակատագրերի խեղաթյուրումը մնում են չհասցեագրված, ինչն էլ հանգեցնում է նմանատիպ ճգնաժամային ելքերի։
Որպես ոլորտում մասնագիտացված կառույց՝ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել այն օբյեկտիվ կենսաբանական գործոնները, որոնք կենդանաբուժական պրակտիկայում կարող են հանգեցնել նման ելքի.
— Տվյալ առյուծը տարեց էր և լեուցիստ (գենետիկական առանձնահատկություն, որն արտահայտվում է բաց գունավորմամբ և հաճախ զուգորդվում է բնածին թաքնված հիվանդություններով): Բացի այդ, կենդանին տարիներ շարունակ պահվել է անազատության մեջ՝ ոչ մասնագիտական խնամքով և տվյալ կենդանիներին հատուկ ձևաչափով: բնական պայմաններից հեռու ինչն անդրադառնում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության վրա:
— Ցանկացած միջամտություն խոշոր կատվազգիների դեպքում արվում է քնեցման եղանակով և եթե նույնիսկ՝ տեղափոխումը կազմակերպվեր և իրականացվել ոչ արտակարգ իրավիճակում՝ տրամադրելով շատ ավելի ժամանակ միևնույն է ռիսկերն անխուսափելի են:
Կենդանաբուժական պրակտիկայում հայտնի է, որ վայրի խոշոր կատվազգիների անզգայացումը, հատկապես տարեց և բարձր ռիսկային խմբում գտնվող կենդանիների դեպքում, միշտ կապված է լուրջ բարդությունների, այդ թվում՝ սրտանոթային կամ շնչառական համակարգի կանգի վտանգի հետ։ Նման դեպքեր, ցավոք, արձանագրվում են նաև միջազգային պրակտիկայում` նույնիսկ բոլոր մասնագիտական չափանիշների պահպանման պայմաններում, անզգայացման հետ կապված կենդանու կենսաբանական յուրահատկություններից ելնելով ռիսկերը երբեք հնարավոր չէ ամբողջությամբ բացառել։
FPWC-ն տարիներ շարունակ հետևողականորեն զբաղվում է Հայաստանում վայրի կենդանիների պահման և պաշտպանության խնդիրներով։ Չնայած իրականացվող աշխատանքներին՝ ցավոք, հանրապետությունում դեռևս կան վանդակներում պահվող բազմաթիվ վայրի կենդանիներ, որոնք ունեն փրկության և տեղափոխման անհրաժեշտություն։
Այս դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է անազատ պայմաններում վայրի կենդանիների պահման համակարգային ռիսկերը. տարիների ընթացքում օրգանիզմին հասցված վնասը կարող է կրիտիկական դառնալ հետագա ցանկացած անհրաժեշտ միջամտության ժամանակ: FPWC-ն վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը վայրի կենդանիների մասնավոր պահման ձևաչափերի վերանայման և օրենսդրական կարգավորումների խստացման անհրաժեշտության վերաբերյալ: Պատասխանատվության և հանրային բողոքի հիմնական հասցեատերը պետք է լինեն կենդանիներին ապօրինի կերպով տնօրինող, սև շուկայի զարգացմանը նպաստող կողմերն ու այն համակարգը, որը երկար ժամանակ չի կանխարգելել այս պրակտիկան։ Հիմնադրամը լիովին սատարում է կենդանաբանական այգու գործողությունները և պատրաստակամ է իր միջազգային գործնկերներին անմիջապես ներգրավելու մասնագիտական խորհրդատվության և փորձի փոխանակման գործնթացներում»,-նշվում է հայտարարության մեջ։
Նշենք՝ ՔԿ-ից ավելի վաղ հայտնել են, որ էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա:
Երևանի կենդանաբանական այգին տեղեկացրել էր, որ այգի տեղափոխված էգ առյուծը սատկել է։ Կենդանու մահը վրա է հասել քնեցման ընթացակարգից հետո։ Ըստ այգու՝ առյուծը ունեցել է մեծ տարիք և մի շարք ուղեկցող հիվանդություններ, որոնք հաստատվել են հերձման արդյունքում։
Հերձման տվյալներով՝ կենդանու մոտ արձանագրվել են ներքին օրգանների ախտահարումներ՝ փայծաղի, լյարդի, թոքերի և սրտի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև լեղապարկի փոփոխություններ, ճարպակալում և որովայնի խոռոչում հեղուկի առկայություն։
