ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ‼️‼️‼️‼️‼️
Հարգելի՛ համագյուղացիներ,
Վերջին օրերին սոցիալական ցանցերում տարածվում են հրապարակումներ, որոնցում հնչում են տարբեր գնահատականներ և մեղադրանքներ Սիս վարչական ղեկավարի գործունեության վերաբերյալ։
Յուրաքանչյուր քաղաքացի ազատ է արտահայտելու իր կարծիքը։ Սակայն այդ ազատությունը չի կարող հիմք հանդիսանալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու կամ հանրությանը մոլորեցնելու համար։ Հանրային խոսքը պետք է հիմնված լինի փաստերի, այլ ոչ թե ենթադրությունների, անձնական վերաբերմունքի կամ միակողմանի գնահատականների վրա։
Սիսի վարչական ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրվանից իմ գործունեությունն ուղղված է եղել բացառապես համայնքի շահերի պաշտպանությանը, բնակիչների խնդիրների լուծմանը և համայնքի զարգացմանը։ Իմ աշխատանքի չափանիշը եղել և մնում է ոչ թե սոցիալական ցանցերում հնչող մեկնաբանությունները, այլ կատարված աշխատանքը, կայացված որոշումները և իրականացվող քայլերը։
Բնականաբար, Սիսում կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, և դրանց ուղղությամբ աշխատանքը շարունակական գործընթաց է։ Երբեք չեմ խուսափել որևէ հարցի քննարկումից կամ դրա լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելուց։ Յուրաքանչյուր բնակչի բարձրացրած հարց եղել և շարունակում է մնալ իմ ուշադրության կենտրոնում։
Միաժամանակ անընդունելի եմ համարում յուրաքանչյուր խնդիր վերագրել բացառապես վարչական ղեկավարին։ Բազմաթիվ հարցեր իրենց բնույթով ենթակա են լուծման տարբեր պետական գերատեսչությունների և իրավասու մարմինների ներգրավմամբ ու համագործակցությամբ։ Սա օրենքով սահմանված լիազորությունների և պատասխանատվությունների հստակ բաժանման հարց է, որը չպետք է ներկայացվի խեղաթյուրված ձևով։
Որպես Սիսի վարչական ղեկավար՝ պարբերաբար պաշտոնական գրություններով դիմում եմ իրավասու պետական գերատեսչություններին՝ համայնքում առկա խնդիրների լուծման, ընթացիկ և նոր ծրագրերի իրականացման, բնակիչների կյանքի որակի բարելավման և Սիսի զարգացման նպատակով։ Այդ աշխատանքը եղել է, կա և շարունակվելու է՝ առաջնորդվելով բացառապես համայնքի և մեր բնակիչների շահերով։
Իմ աշխատասենյակի դռները բաց են յուրաքանչյուր բնակչի համար։ Ես միշտ պատրաստ եմ լսել հիմնավորված առաջարկներ, ընդունել կառուցողական քննադատություն և քննարկել համայնքին վերաբերող ցանկացած հարց։ Սակայն չեմ պատրաստվում արձագանքել անհիմն մեղադրանքներին կամ ներքաշվել անձնական բնույթի բանավեճերի մեջ։
Վստահ եմ, որ Սիսի զարգացումը հնարավոր է միայն համախմբվածության, փոխադարձ հարգանքի և համատեղ աշխատանքի շնորհիվ։ Կոչ եմ անում բոլորին՝ զերծ մնալ անհիմն մեղադրանքներից ու հասարակությունը պառակտող հայտարարություններից և մեր ուժերն ուղղել համայնքի իրական խնդիրների լուծմանը։ Ես շարունակելու եմ իմ լիազորությունների շրջանակում աշխատել նույն պատասխանատվությամբ, սկզբունքայնությամբ և նվիրումով՝ հանուն Սիսի և մեր համագյուղացիների։
Հարգանքով՝
Հրանտ Ալեքսանյան
Սիս վարչական ղեկավար
