Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հայկ Թադևոսյանին (Արարատի մարզ, գ․ Դալար), պատկանող չրերի արտադրամասի արտադրական գործունեությունը: Վերահսկողության արդյունքում այստեղ արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Այսպես՝

  • արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել սննդային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
  • չի ապահովվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը,
  • հատակի սալիկները կոտրատված են եղել, ինչը հնարավորություն չի տալիս հեշտորեն լվանալ, ախտահանել,
  • առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստում է խոնավության խտացմանը,
  • դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից․
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում,
  • արտադրամասը չի ունեցել սանհանգույց և անձնակազմի համար հանդերձարան:

Տրվել են խախտումները վերացնելու պարտադիր հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ:

Կիսվել սոց․ ցանցերում