Սուրեն Պապիկյանի պետական և քաղաքական գործունեությունն առանձնանում է ռազմավարական մոտեցումներով, պատասխանատվության բարձր զգացումով և պետական շահի անվերապահ գերակայությամբ: Տարբեր պատասխանատու պաշտոններում նրա իրականացրած համակարգային բարեփոխումներն ապահովել են տեսանելի արդյունքներ և զարգացման նոր դինամիկա։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում նրա ղեկավարմամբ երկրում մեկնարկեց ճանապարհաշինության ու ենթակառուցվածքների նորոգման աննախադեպ ծավալի ծրագիր, որի շրջանակում հիմնանորոգվեցին հարյուրավոր կիլոմետրեր հասնող ռազմավարական նշանակության ճանապարհներ: Հաջողությամբ կյանքի կոչվեց վարչատարածքային բարդ բարեփոխումը՝ համայնքների խոշորացումը, իսկ պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ զգալիորեն բարելավվեցին մարզերի կոմունիկացիոն, կրթական ու մշակութային կյանքին միտված պայմանները:
Ստանձնելով Պաշտպանության նախարարի առաքելությունը՝ հետպատերազմյան բարդ շրջանում Սուրեն Պապիկյանը կենտրոնացավ զինված ուժերի խորքային արդիականացման և տեխնոլոգիական վերազինման վրա: Ատեստավորման համակարգի ներդրմամբ էականորեն բարձրացվեցին զինծառայողների աշխատավարձերը՝ խթանելով պրոֆեսիոնալիզմը, ընդլայնվեց ռազմատեխնիկական գործընկերների աշխարհագրությունը ժամանակակից սպառազինության ձեռքբերման համար, և առանձնակի շեշտադրվեց բարձր կարգապահությամբ սպայական կազմի ձևավորումը:
Նրան բնորոշ հավասարակշռված, զսպված և արդյունքին միտված աշխատելաոճը զերծ է պոպուլիզմից. նախապատվությունը միշտ տրվում է չափելի ու շոշափելի աշխատանքին, ինչի շնորհիվ նա վայելում է հուսալի և սկզբունքային պետական գործչի համբավ:
