Իսրայելը և Հունաստանը անցնում են անվտանգության բնագավառում համագործակցության հաջորդ փուլին։ Ինչպես հայտնել է իսրայելական ռուսալեզու vesty-ն, սպասվում է, որ օգոստոսի 31-ին կողմերը կստորագրեն հունական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման գործարքը։ Այն ստացել է «Աքիլեսի վահան» անվանումը, որի արժեքը կազմում է շուրջ 3,1 միլիարդ եվրո։
Հունաստանը ծրագրել է ունեցած ՀՕՊ միջոցները միավորել իսրայելական ժամանակակից համակարգերի հետ՝ ներառյալ SPYDER-ը, Barak MX -ը և «Դավթի պարսատիկը», ինչպես նաև ամերիկյան Patriot-ը։ Իսրայելը հունական կողմին «կտրամադրի ծրագրային ապահովման կոդի մուտք, որը կապահովի ամբողջ համակարգի կառավարումը»։
Ըստ էության, խոսքը իսրայելա-հունաստանյան համատեղ հակաօդային-հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին է, իսկ դա արդեն շատ ավելին է, քան սպառազինությունների առքուվաճառքը կամ անգամ ռազմական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցությունը։
Ակնհայտ է, որ իսրայելա-հունաստանյան աննախադեպ նախագիծը Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև օգոստոսի 7-ին ստորագրված «Մեքքայի համաձայնագրի» ուղղակի պատասխանն է։ Այդ համաձայնագիրը կարող է «շոշափել» նաև Ադրբեջանի շահերը։
Հայտնի է, որ Ադրբեջանը ավելի քան տասը տարի առաջ Իսրայելից ձեռք է բերել «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգեր։ Եթե Իսրայելը Հունաստանին «ծրագրային ապահովման կոդ է տրամադրում», ապա հնարավոր է, որ Աթենքը տիրապետի նաև «Երկաթե գմբեթի» ծրագրային ապահովման գաղտնիքներին։ Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունների լարվածությունը տարածվում է նաև Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա։
Թեև Բաքուն այդ մասին պաշտոնապես չի հայտարարել, բայց ըստ էության Ադրբեջանը Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիոն ռեժիմը ճանաչում է որպես «անկախ պետություն»։ Հունաստանի և Իսրայելի «միասնական» ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծումը Իսրայելի և Ադրբեջանի ռազմատեխնոլոգիական համագործակցությունը կարող է սահմանափակել։
