«Կարապետյանների ընտանիքն ու նրանց ընտանեկան օգտագործման կուսակցությունը երևի մայիսին էնքան խառն էին «գաղտնի պլան» մշակելով կամ «պոպոխություն» բերելով (ենթադրաբար Հայաստանի դեմ տնտեսական սահմանափակումներ հրահրելու տեսքով), որ չեն նկատել մայիսի սկզբին Հայաստան ժամանած եվրոպական ԲՈԼՈՐ առաջնորդներին»:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ շարունակելով․
«COP17-ի բեյջերի թելերը չափելիս էլ բաց են թողել ԵՄ-ի կողմից Հայաստանին առևտրային ինքնավար միջոցների տրամադրումը՝ բացառիկ արտոնություն անդամակցության հայտ չներկայացրած և թեկնածուի կարգավիճակ չունեցող երկրի համար:
Եթե հրաշքով պարզեն նաև, որ Հայաստանն այսօր միակ երկիրն է, որ ԵՄ-ի հետ վարում է վիզաների ազատականացման ակտիվ երկխոսություն, բոլորովին կխճճվեն եվրաինտեգրման իրենց ուրույն օրակարգում»։
