ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ մեկնած ՄԱԿ-ի առաքելության հայտարարություններին և գրել.
«Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արեց՝ օրինականացնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները, կամայական ձերբակալությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը և այլ հանցագործությունները։ Այս տղաները վարկաբեկում են ՄԱԿ-ը որպես ինստիտուտ։ Ես անհամբեր սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը»։
Հիշեցնենք՝ երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել էր. «ՄԱԿ-ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսեց, որ Ղարաբաղում մնացել են 50-1000 էթնիկ հայեր: Նրանք որևէ հաղորդագրություն չեն լսել վերջին հրադադարի հաստատումից հետո խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ: Նրանք չեն տեսել սպանված ընտանի կենդանիներ կամ անասուններ, ինչպես նաև՝ գյուղատնտեսական ենթակառուցվածքի ոչնչացման հետքեր»:
