«Ֆրանսիայի ներկայիս քաղաքական ղեկավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող բուռն աջակցությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ Ադրբեջանում ոչ ոք պատրաստ չէ, թեկուզ տեսականորեն, Փարիզը դիտարկել որպես կողմ, որը կարող է գոնե որոշակի օգտակար ներդրում ունենալ Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման գործում: Ճիշտ հակառակը»:
Այս մասին Radiofrance-ի հետ հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը՝ չկարողանալով զսպել ցասումն ու «թույն»-ը հայ-ֆրանսիական հարաբերությունների վերաբերյալ:
Նա հավելել է, որ Ֆրանսիան անշահախնդիր պաշտպանում է հայկական շահերը:
Այս մասին վկայությունը, ըստ Ամիրբեկովի՝ վիրավորվածի դիրքից արված հայտարարության, Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի օրերս հայտարարած որոշումն է՝ Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցության, այդ թվում՝ Երևանին զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման մեկնարկի մասին:
«Ֆրանսիայի նման անխոհեմ քայլը ոչ միայն ժխտում է նրա՝ որպես «խաղաղարարի» անսանձ հավակնությունները, այլև տարածաշրջանը բերում ռազմական առճակատման նոր վտանգավոր մակարդակի՝ Հայաստանին դրդելով նոր մահացու սադրանքների և նոր ագրեսիայի Ադրբեջանի դեմ»,- սպառնալից եզրափակել է նախագահի խոսնակը։
