Ղшրшբшղի հարցը լուծված է. հուշեր մոտիկ անցյալից

Այսօր՝ կիրակի, մեր կողմերում հրաշալի աշնանային եղանակ էր: Այցելեցի Ոսկեվանում հաստատված 7 ընտանիքների, որոնք բռնի տեղահանվել են Արցախի տարբեր գյուղերից: Քիչ հետո կլինի նրանց մասին պատմող իմ հոդվածը:
Այսօր Ոսկեվանում հիշեցի մի բան, որ 10 տարվա պատմություն ունի: Ուրեմն, քեռուս տանն եմ, քեռիս այս գյուղից է:
Քեռուս տղան 1990-ական թթ սկզբին ամուսնացել է Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից 1992-ին բռնի տեղահանված մի ընտանիքի աղջկա հետ: 2013 կամ 2014 թվականն էր, գուցե՝ 2015, լավ չեմ հիշում, նրա բարեկամները, որ հաստատվել էին Շուշիում, եկել էին Ոսկեվան: Սեղանի շուրջ նստած ենք և խոսում ենք Ղարաբաղյան հակամարտության մասին:
Դե, ես սկսեցի իմ մշտական երգը, որ պետք է գնալ կարգավորման, փոխզիջումների, որ պատերազմ չլինի: Դրանք այն ժամականերն էին, երբ չափավոր հայերը Քուռ-Արաքսյան էին ծրագրում, իսկ առավել հայրենասերները՝ Բաքվում թեյ խմում ու հիմնահատակ կործանում արհեստական Ադրբեջանը:
Էս մեր շուշեցիները շատ նեղվեցին, թե ի՜նչ զիջումներ՝ Ղարաբաղի հարցը լուծված է: Բարեկամաբար բանավիճեցինք՝ խորովածի սեղանի շուրջ: Քիչ անց, նրանք ասացին, որ մեկնում են: Հրաժեշտ տվեցին: Զարմացա, որ Ռուսաստան են տեղափոխվում՝ մշտական բնակության:
Այո, նրանց համար Ղարաբաղի հարցը լուծված էր: Նրանք կարող էին հեռանալ Ռուսաստան, ինչպես շատ այլ հայաստանցիներ ու արցախցիներ: Շատերի համար էր լուծված:
Այսօր, Ոսկեվանում հանդիպեցի տունուտեղը կորցրած 7 ընտանիքների՝ երկուսը՝ Վաղուհասից, մեկը՝ Դրմբոնից, չորրորդը՝ Ննգիից, հինգերորդը՝ Ասկերանից, վեցերորդը և յոթերորդը՝ Ավետարանոցից:
Տխուր է, շատ տխուր, բայց պետք է հաղթահարել էս ստորացումն ու ցավը և կառուցել Հայաստան:
Վիլյամ Սարոյանը սխալ է, թե որտեղ էլ երկու հայ հանդիպեն, Հայաստան են կառուցելու:
Հայաստան կարող է լինել այստեղ, միայն այստեղ ու բացառապես այստեղ:
Թ. Հ.
Ոսկեվան, 8 հոկտեմբեր, 2023թ
Աղբյուրը՝
Կիսվել սոց․ ցանցերում