Ինչ է անելու Հայկ Մարությանը. նա հայտարարություն է տարածել

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է Երևանի ավագանու կայացած անդրանիկ նիստին:

Վերջինս ընդգծել է, թե Երեւանի քաղաքապետի ընտրության հարցում ոչ մի անակնկալ չեղավ։ Ըստ նրա՝ տեղի ունեցավ այն, ինչ իրենք կանխատեսել էին օրեր առաջ։

«Ուզում եմ հիշեցնել մեր սիրելի համաքաղաքացիներին, որ սեպտեմբերի 17-ի ընտրության արդյունքում ՔՊ-ն ավագանիում ստացավ փոքրամասնությունը՝ 24 ձայն, հետեւաբար՝ ընդդիմությունը ռեալ շանս ուներ մերժելու ՔՊ-ին, եթե առնվազն 33 ավագանու անդամ քվեարկեր ընդդիմության թեկնածուի օգտին։ Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները կարող էին նաեւ բոյկոտել այսօրվա ավագանու նիստը՝ այդպիսով կանխելով ՔՊ վերարտադրությունը Երեւանում։ Բայց «Հանրապետություն» կուսակցությունը ցույց տվեց, որ իրականում ընդդիմություն չէ եւ ընտրեց ՔՊ թեկնածուին։ Այսինքն՝ արձանագրենք, որ «Հանրապետություն» կուսակցությանը ձայն տվողները ընտրել են ՔՊ-ն»,- գրել է նա:

Ինչ վերաբերում է «Հանրային ձայն»-ին, ըստ Մարությանի, ապա այս կուսակցությունը նախ իր ձայները փորձում էր վաճառել ընդդիմությանը՝ փոխարենն ինչ-որ պաշտոններ ուզելով։

«Մենք դեռ այն ժամանակ հայտարարեցինք, որ այդ առաջարկը անօրինական է՝ վարչության պետերն ընտրվում են մրցութային կարգով եւ չեն կարող քաղաքական պայմանավորվածության առարկա լինել։ Հետո պարզվեց նաեւ, որ «Հանրային ձայն»-ն առհասարակ չունի բավարար ձայներ, որովհետեւ նրանց ցուցակից մեկը բանտում է, մյուսը՝ արտասահմանում։ Այդ մարդիկ, իհարկե, կարող էին հրաժարվել իրենց մանդատներից եւ տեղը զիջել ուրիշներին, բայց, չգիտես՝ ինչու, չարեցին այդ։ Հետեւաբար, եթե «Հանրային ձայն»-ն իսկապես դեմ էր ՔՊ-ին, նրանց մնում էր ընդամենը բոյկոտել այսօրվա նիստը եւ բացառել ՔՊ թեկնածուի ընտրությունը»,- նկատել է նա:

Բայց, նախկին քաղաքապետի խոսքով, դա տեղի չունեցավ. «Այսինքն, այստեղ եւս փաստենք, որ «Հանրային ձայն» կուսակցությունը աջակցեց ՔՊ-ին։ Միակ բանը, որ այս իմաստով պետք է պարզել, այն է, թե ինչ է ուզել եւ ինչ է ստացել Հանրային ձայնը ՔՊ-ից՝ իր աջակցության դիմաց։ Ինչեւէ, այս պայմաններում ՔՊ թեկնածուն դարձավ քաղաքապետ՝ փաստացի երեւանցիների տված ձայների, ինչպես նաեւ՝ ավագանու անդամների ձայների փոքրամասնությամբ»։

Վերջինս ևս մեկ անգամ շեշտել է, թե այս ընթացքում մեկ քայլ անգամ չեն նահանջել իրենց հռչակած սկզբունքներից՝ կոալիցիա չեն կազմել ո՛չ, ՔՊ-ի, ո՛չ նախկին ռեժիմի ներկայացուցիչների հետ, ո՛չ էլ գործարքի են գնացել բարոյականության եւ օրինականության հետ լուրջ կոնֆլիկտի մեջ գտնվող ուժի հետ։

«Շնորհակալ եմ երեւանցիներին, որոնք սեպտեմբերի 17-ին մեզ ընտրեցին։ Մենք Ձեզ տված մեր խոստմանը հավատարիմ ենք մնալու։ Շարունակելու ենք մեր աշխատանքը այդ դիրքերից Երեւանի ավագանում՝ ի շահ մեր քաղաքի եւ մեր երկրի։ Մեզ՝ բարի երթ»,- գրել է նա՝ հավելելով, թե կառավարող ուժը պետք է հեռանա:

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին՝ ավագանու արտահերթ նիստի ժամանակ տեղի ունեցած քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Տիգրան Ավինյանը ձայների 32 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ ընտրվեց Երևանի քաղաքապետ: «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները բոյկոտել էին նիստը:

Կիսվել սոց․ ցանցերում