Չկայացած քաղաքապետ Հայկ Մարությանի թիմակիցները քաղաքական դեպրեսիայից դուրս գալու համար փորձում են ամեն կերպ նսեմացնել Տիգրան Ավինյանի քաղաքապետ դառնալը՝ անտեղի հոլովելով «Դոգ»-ի անունը

Երևանի քաղաքապետի պաշտոնում Տիգրան Ավինյանի ընտրությունը վերջինիս քաղաքական մրցակից ուժերի, մասնավորապես Հայկ Մարությանի թիմակիցների ու աջակիցների կողմից սոցիալական հարթակներում մեկնաբանվում է այսպես՝ « «Դոգի կուսակցությամբ ընտրված», «Դոգի կուսակցության հույսին մնացած»,  նկատի ունենալով այն, որ Ավինյանը ընտրվել է «Հանրային ձայն» կուսակցության ավագանու անդամների՝ ավագանու առաջին նիստին մասնակցելու շնորհիվ, քանի որ, եթե վերջիններս բացակայեին և քվորում չապահովվեր, քաղաքապետ ընտրել հնարավոր չէր լինի։

Ընդգծենք, որ հիշյալ կուսակցության անդամները թեև նիստին մասնակցեցին, սակայն դեմ են քվեարկել Ավինյանին, որը քաղաքապետ է ընտրվել ՔՊ-ի և «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամների քվեներով։

Ակնհայտ է, այս քարոզչությունն իրականացվում է՝ հաշվի առնելով  «Հանրային ձայն» կուսակցության, իբրև թե, վատ համբավը՝  այսպիսով նպատակ ունենալով նսեմացնել նաև  ՔՊ-ական քաղաքապետին, քարոզչական ֆոն ստեղծել, թե, իբր, վերջինս կախված է «Դոգ»-ի կամքից։ Մինչդեռ,   ինչպես այս ընթացքում քանիցս, այսօր ևս Տիգրան Ավինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց,  որ որևէ ստվերային գործարք կամ «առևտուր ՔՊ-ի և «Հանրային ձայն»-ի միջև չի եղել և չի կարող լինել։

Շահարկման է ենթարկվում «Հանրային ձայն» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Արտակ Գալստյանի կնոջը՝  թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով անցնող Վեներա Գալստյանին՝ կալանքից ազատելու դատարանի որոշումը, որը կայացվել է հոկտեմբերի 7-ին։

Հայկ Մարությանի թիմակից, վերջինիս երբեմնի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, օրինակ, տիկնոջ՝ կալանքից ազատվելու մասին մամուլի հրապարակման պատճենն իր էջում զետեղելով, կից գրել է․ «Աստված ձեր բոլորիդ մուրազն իրականացնի, հարազատներ ջան»:

Հատկանշական է, որ Ավինյանի քաղաքապետ ընտրվելուց հետո Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որն սկսվում էր հետևյալ նախադասությամբ․ «Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, ինչպես տեսանք, Երևանի քաղաքապետի ընտրության հարցում ոչ մի անակնկալ չեղավ։ Տեղի ունեցավ այն, ինչ մենք կանխատեսել էինք օրեր առաջ»։ Իսկ ի՞նչ էր կանխատեսել Երևանի նախկին քաղաքապետը օրեր առաջ․ ենթադրում ենք այն, որ «Հանրային ձայն»-ը չհամաձայնելով  իրեն՝ Մարությանին, քաղաքապետ ընտրելու և կամ ավագանու նիստը բոյկոտելու մասին գործարքին  որոշեց մասնակցել նիստին։ Արդ, եթե Հայկ Մարությանի համար անակնկալ չէր «Հանրային ձայն»-ի մասնակցությունը, ինքն էլ դեմ էր,  ինչպես ինքն է ձևակերպում՝ «ՔՊ-ի վերարտադրությանը», ապա նրան ոչինչ չէր խանգարում գնալ և արտահայտել իր դեմ լինելը ՔՊ-ի վերարտադրությանը։ Չէ՞ որ, ինչպես ինքն է ասում, անակնկալ չէր իրենց համար այն, որ անդրանիկ նիստին քվորում ապահովվելու է։ Հայկ Մարությանն ու նրա թիմակիցները, մինչդեռ, գերադասեցին նիստը  բոյկոտելը և իրենց զրկեցին Ավինյանին «դեմ ըլլալը» ապացուցելու «բացառիկ հնարավորությունից»։ Իսկ միգուցե այնքա՞ն էլ դեմ չէին ու ընդամենը զբաղված էին  քաղաքական սեթևեթանքով։

Հարկ է նկատել, որ ՔՊ-ի վերարտադրությունը կանխելու նպատակով ընտրապայքարի մեջ մտած գլխավոր գործող անձը, որը, փաստորեն, չկարողացավ իրագործել 50+ տոկոս քվե ստանալու իր փափագը, և չկարողացավ նաև գլուխ բերել «ինձ սուսուփուս ընտրեք քաղաքապետ» օպերացիան,  որոշել է վայր չդնել ավագանու իր  մանդատը ու, փաստորեն, շարունակելու է ավագանու շարքային անդամի կարգավիճակում աշխատել։

Հիշեցնենք՝ Մարությանը 2021-ին, երբ «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն հայտնեց վերջինիս ու հեռացրեց պաշտոնից, վայր դրեց մանդատն ու վերադարձավ քաղաքացիական իր նախկին կյանքին՝  ենթադրաբար՝ «Եթե ես չեմ լինելու քաղաքապետ, ապա ինչիս է պետք ավագանու անդամի մանդատը» հաշվարկով։

Ե․Ա․

Կիսվել սոց․ ցանցերում