Թարթառի աջ ափին գտնվող Կոճողոտում օրը սովորականի նման բարի էր լուսացել: Սեպտեմբերյան աշնանային արևը, սակայն, կեսօրն անց՝ հրետակոծության առաջին զարկերից, մռայլվեց:
Գրիգորյանների ու հարևանների համար նոր բան չէր հակառակորդի կրակը, մնացին տներում, սպասեցին հերթական ավարտին:
3 տղա ունեն, երեքն էլ ծառայության մեջ էին, մեկը ժամկետային զինծառայող էր, երկուսը՝ պայմանագրային, ընտանիքի հայրն էլ՝ Կամոն, դիրքերում էր՝ կամավորների հետ:
«Մի օր մնացինք, հետո գյուղապետը եկավ, ասեց՝ պետք է օդանավակայան գնալ. խաղաղապահների մոտ մնալը ճիշտ է: Ավտոները տվեցին, ով էլ ուներ՝ իր մեքենայով արագ դուրս եկան տներից: Մեզնից ետք՝ մին-երկու ժամը չանցած, թուրքը լցվել է գյուղը՝ թալանի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է ընտանիքի հայրը՝ Կամոն:
Գյումրի հասել են հոգեպես ավերված: Ավտոբուսում, սակայն, որի մեջ շուրջ 50 մարդ է եղել, դժբախտ դեպք է պատահել:
«Շուշին անցանք, ու մեր հարևանը մահացավ: Տարել ենք, հետևի նստարանին պառկեցրել: Խոխեքն անընդհատ ասում էին՝ բա դեդոն ո՞ւր է, ինչի՞ ա պառկած: Ճամփումն ինչքան ավտո կար՝ հերթով ասել ենք՝ ինչ ա պատահել, մի կերպ, մի կերպ ճամփա բացելով՝ եկել ենք, հասել: Շատ չմնացինք ճամփեքներումը, մին օրում ենք հասել Գորիս»,- ասում է Կամոն:
Տնից դուրս են եկել՝ ոչինչ չվերցնելով: Տիկին Նունեն միայն փաստաթղթերն է բերել, Կամոն ունեցած անասուններին գոմից դուրս արել, խոզերին վերջին անգամ կերակրել, աչքը ճամփին՝ հեռացել է:
Հասել են Գյումրի, ապաստանել «Հայկական Կարիտաս»-ի «Աղաջանյան» ճամբարում: Թորոսգյուղում է գտնվում ճամբարը, որտեղ Գրիգորյաններն իրենց ճակատագիրն են կիսում 80-ից ավելի հայրենակիցների հետ:
Մեզ հետ զրույցում «Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրի» ղեկավար Մկրտիչ Բաբայանն ասում է՝ օրեր առաջ բռնի տեղահանված անձանց թիվն ավելի մեծ է եղել, ճամբարը մինչև 154 անձ է իր հարկի տակ ընդունել: Այս պահին տեղում մնացողների թիվը փոփոխական է, անընդհատ ներքին շարժ կա:
«Փորձում են կապ հաստատել իրենց հարազատների, հարևանների, ծանոթ-բարեկամների հետ: Տեղից տեղ են գնում, ուզում են հարմարվել, իրենց համար ավելի բարենպաստ պայմաններ և հեռանկարային բնակավայր գտնել, էստեղից գնում են, գնացածներ ունենք՝ հետ են եկել»,- ասում է Բաբայանը:
44-օրյա պատերազմի օրերին այս ճամբարում տևական ժամանակ ապաստանած, այնուհետև ԼՂ վերադարձած 2 բազմանդամ ընտանիք կրկին Թորոսում է: Բաբայանն ասում է՝ նրանք ու բոլորը կմնան այնքան՝ մինչև կկողմնորոշվեն, թե որտեղ են ապրելու, հաստատվելու, իրենց կյանքը շարունակելու:
Բոլորի համար հարմարավետ ու հավասար պայմաններ են ստեղծված, կոմունալ պայմաններն ու սենյակներում ջերմությունն ապահովված է, յուրաքանչյուրն իր առանձին սանհանգույցն ունի, օրական 3 անգամ սնվում են, կցագրված են տարածքային պոլիկլինիկաներում, այլ կարիքի դեպքում տեղեկացնում են պատասխանատուներին:
Տիկին Նունեն ասում է՝ այստեղ լավ է, բայց երկար չեն ուզում մնալ: 3 տղա ունի, ամուսնացնելու է, որ թոռներ տեսնի, մի փոքր խաղաղ ապրի:
«Մեր մոտ համարյա միշտ թիվ 1 էր, երեխեքը տուն էլ չէին գալիս՝ պոստերումն էին: Մի տեղ հիմա որ գնանք, հաստատվենք, կամուսնանան, ես բան չհասկացա, գոնե իրենք իրենց ընտանիքների հետ ապրեն, կյանք տեսնեն»,- նշում է նա:
Կամոն դեպի գյուղ է ձգտում, ասում է՝ հողի մարդիկ են, անասուն էին պահում, հող մշակում:
«Ստեղի ցուրտը մեզ չի նեղում, մեր գյուղի կլիմային շատ է նման: Կուզեմ մի գյուղ լինի՝ ապրեմ, աշխատեմ: Ես իմ խոզերը դուրսը թողել, եկել եմ: Հիմա, որ մի աջակցություն լիներ, պետական օգնություն էդ հարցով, ես էլի կստեղծեմ, կապրեմ: Ուրիշ ինչ անեմ»,- նկատում է նա:
Այս պահին Թորոսգյուղի ճամբարում ապաստանած 80-ից ավելի ընտանիքից 30 երեխա է հաճախում դպրոց: Ովքեր մեքենա ունեն, կարողանում են երեխաներին ճամբարից գյուղ հասցնել, մյուսները ոտքով են գնում: Ոչ մեկից ոչ մի պահանջ չունեն: Մեզ հետ զրույցում ասում են՝ կհարմարվեն՝ մինչև կարողանան կենտրոնանալ և հիմնական բնակավայր ընտրել:
Այս պահին Աստծուց ու մարդուց ուզածները միայն խաղաղությունն է:
