Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեվերլիի միջև։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը և խաղաղ գործընթացը»։
«Նշվեց, որ ադրբեջանական տարածքներում անօրինական զինված ուժերի զինաթափման շնորհիվ վերացվել են ադրբեջանական հասարակությանը հայ բնակիչների վերաինտեգրման խոչընդոտները», — ասել է Բայրամովը։ Թե ինչ է պատասխանել Քլեվերլին այս բացահայտ ստին, գիտությանն անհայտ է:
Հայտնի է, որ Ջեյմս Քլեվերլին ընդգծել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և կարգավորման օրակարգի շուրջ բանակցությունների շարունակման կարևորությունը»։
Սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ագրեսիայից և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների փաստացի կապիտուլյացիայից հետո շրջանի ողջ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար մարդ, մի քանի օրում լքեց հայրենի քաղաքներն ու գյուղերը և տեղափոխվեց Հայաստան։ Լեռնային Ղարաբաղում մի քանի տասնյակ հայ է մնացել, որոնք ծանր հիվանդ մարդիկ են: Այսպիսով, ըստ Բայրամովի, խնդիրը լուծվել է «չկա հայ, չկա պրոբլեմ» սկզբունքով:
