Ղшրшբшղից տեղահանված 1274 ընտանիք պետական աջակցության ծրագրով արդեն ձեռք է բերել անշարժ գույք Հայաստանում, հավաստագիր է ստացել 3730 ընտանիք. Զարուհի Մանուչարյան

Ղարաբաղից տեղահանված 1274 ընտանիք արդեն իսկ ձեռք է բերել անշարժ գույք Հայաստանում։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զարուհի Հովհաննիսյանը։

«Տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 15.08.2023 թ. դրությամբ հավաստագիր է ստացել 3730 ընտանիք։ Նրանցից 1274 ընտանիք արդեն իսկ ձեռք է բերել անշարժ գույք՝ հիփոթեքային վարկավորման միջոցով, որի ամսական մարումները (մայր գումար և տոկոսագումար) իրականացվում են պետության կողմից»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի բնակիչները հիմնականում ձեռք են բերել անշարժ գույք Արարատի, Սյունիքի, Կոտայքի, Արմավիրի մարզերում։
Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնակարանի գնման սերտիֆիկատներ էր տրամադրում տեղահանված ղարաբաղցիներին՝ 8-14 մլն դրամի սահմաններում։

Զարուհի Մանուչարյանը հավելեց, որ հավաստագիր ստանալու համար դիմելու վերջնաժամկետը հունիսի 30-ն էր, և ներկայացրեց, թե ովքեր են հանդիսացել ծրագրի շահառու. «Միջոցառման շահառուներն Արցախի Հանրապետության առանձին շրջաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակված, Արցախի Հանրապետությունում հաշվառված և առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի (մշտապես) բնակված կամ հաշվառում չունենալու դեպքում վերջին երեք տարում փաստացի (մշտապես) բնակված և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներն են (այդ թվում՝ մեկ անձից բաղկացած), այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքներում ծնված երեխան, բացառությամբ այն ընտանիքների (անձանց), որոնք որևէ ծրագրի շրջանակներում գործուղվել են Արցախի Հանրապետություն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և վերջին երեք ամիսներին բնակվել են այնտեղ»։

Նարա Մարտիրոսյան

Կիսվել սոց․ ցանցերում