Չավին դժգոհել է, որ «Ռեալի» խաղացողի որակազրկումը կրճատվել է

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին դժգոհել է, որ Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Նաչո Ֆերնանդեսի որակազրկումը կրճատվել է մեկ խաղով, եւ նա կկարողանա մասնակցել կատալոնական թիմի դեմ հանդիպմանն Իսպանիայի առաջնությունում։

«Ռեալը» բողոքարկել էր Նաչո Ֆերնանդեսի որակազրկումը՝ խնդրելով 3 հանդիպումից դարձնել 2։ Բողոքարկման կոմիտեն բավարարել էր Արքայական ակումբի դիմումը։

«Անցած տարի մենք երեք խաղով զրկվեցինք Լեւանդովսկուց, որին պատժել էին ժեստի համար։ Մենք էլ բողոքարկեցինք, բայց որակազրկումը չկրճատեցին։ Մեզ անտեսեցին։

Հիմա Նաչոյի դեպքում անակնկալ է Բողոքարկման կոմիտեի այսպիսի որոշումը։ Ես զարմացած եմ։ Նաչոյի խախտումից հետո մրցակիցը կարող էր ծանր վնասվածք ստանալ»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին։

Կիսվել սոց․ ցանցերում