«Շատ ժամանակ է անցել, և բնական է՝ ժամանակային բարդություններ կան։ Բայց վստահ եմ, որ ներքուստ մենք գիտենք դրդիչներին և հիմնական պատճառները, ու թե ովքեր են եղել։ Պաշտոնի բերումով չեմ կարող ասել՝ որպես մեղադրանք չհնչի։ Բայց թե՛ Մարտի 1-ի պարագայում, թե՛ Հոկտեմբերի 27-ի պարագայում, կարծում եմ, հիմնական դերակատարներին բոլորս գիտենք։ Մնում է այդ փաստն արձանագրվի և համապատասխան պատիժ լինի»,- ԱԺ բակում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և չբացառեց, որ արտաքին դերակատարներ ևս կարող են եղած լինել։
Սիմոնյանն ասաց, որ քննությանը ծանոթ չէ, մանրամասներ չգիտի, կարող է միայն քաղաքական գնահատականներ տալ։ Քաղաքական կամք՝ գործը բացահայտելու համար, ըստ Սիմոնյանի՝ կա։
«Թե՛ «Մարտի 1»-ի պարագայում, թե՛ «Հոկտեմբերի 27»-ի պարագայում, թե՛ «Կոլցո» օպերացիայի պարագայում, որը Բաղրամյան փողոցում կայացավ, էդ բոլոր դեպքերում մենք բոլորս գիտենք, չէ՞, ովքեր էին կազմակերպիչները։ Մնում է միայն իրավական ձևակերպումներ լինեն»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Նոր «Հոկտեմբերի 27»-ի վտանգ տեսնո՞ւմ եք՝ հարցին ի պատասխան Սիմոնյանը դրական պատասխան տվեց. «Էն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին, դրան նախորդող իրադարձությունները սրանից ավելի քիչ կարևորություն ունեցող էին, շատ ավելի հեռու էր Մեղրին հանձնելու գաղափարը… «խաղաղության խաչմերուկը» դեպի խաղաղության է միտված։ Ի՞նչն է «խաղաղության խաչմերուկի» բացասական կողմը։ Մենք Մեղրին տարհանելու կամ որևէ բան հանձնելու թեմա ենք քննարկո՞ւմ։ Թե՛ միջանցքի թեման այլևս ակտուալ չէ, թե՛ խաղաղության մասին խոսակցություններն են ակտիվացել։ Մենք ասել ենք՝ որևէ մեկին որևէ բան չենք հանձնելու։ Կլինեն բաց ճանապարհներ, կլինի առևտուր, տնտեսությունը կզարգանա, կլինի խաղաղություն»,- ասաց ԱԺ նախագահը։
Սիմոնյանը նաև նշեց, որ այն տեղերում, որտեղ ՀՀ զորքերը Ադրբեջանի տարածքում են, պետք է դուրս գան, իսկ այն վայրերում, որտեղ Ադրբեջանի զորքերն են ՀՀ տարածքում՝ իրենք պետք է հետ գնան։
