Բերդը մերժեց հանքի հեռանկարը՝ ընտրելով կանաչ և կայուն զարգացում (տեսանյութ)

Բերդի բնակիչները միահամուռ դեմ արտահայտվեցին «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի նախաձեռնած օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու ծրագրին։

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտը» ցանկանում է Բերդ խոշորացված համայնքի վարչական սահմաններում գտնվող Տավուշ-Խնձորուտ հանքային դաշտի 23․1 հա տարածքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնել։

ՇՄԱԳ հայտի վերաբերյալ հանրային քննարկումները հոկտեմբերի 26-ին էր։ Ծրագրի մանրամասները ներկայացրեց «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սահակ Կարապետյանը։

Այնուհետև բնակիչներին առաջարկվեց դիրքորոշում արտահայտել քննարկվող հարցի վերաբերյալ։ Ընկերության ցանկացած գործունեություն խաթարելու մեր բնությունը,- Դավիթ Արշակյանն է համոզմունք հայտնում։ Բերդի բնակիչ, այգեգործ Լեռնիկ Բաբայանը ևս դեմ է ցանկացած հանքարդյունաբերական գործունեության, որովհետև երկրաբանական հետախուզությունների համար նախատեսված վայրը՝ Միափորի լեռնաշղթան, տարածաշրջանի գետերի ու խմելու աղբյուրների սկզբնաղբյուրն է։

Բացի ստորերկրյա ջրերից տուժելու են նաև անտառները, որոնք Տավուշ հարստությունն են,-Չինարիի բնակիչ Սամվել Սաղոյանն է ասում։

«Բերդի կանանց ռեսուրս կենտրոն»-ի ղեկավար Անահիտ Բաբայանը թվակելով այն բոլոր վտանգները, որ կարող է առաջացնել երկրաբանական հետախուզությունը և դրան հաջորդող ցանկացած գործողություն, նշեց, որ այդ ամենի արդյունքում վտանգվելու է նաև այստեղ ապրող մարդկանց առողջությունը, որն ամենակարևորն է։

Հանքարդյունաբերական գործունեության հետևանքով առաջացած աղտոտվածության վերաբերյալ մտահոգություն հայտնեցին նաև հանրային լսման եկած այլ մասնակիցներ։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը մատնանշելով Լոռիում կատարած հետազոտությունները, հորդորեց բնակիչներին տեր կանգնել իրենց՝ առողջ միջավայրում ապրելու իրավունքին։

Իրավիճակը մի փոքր լարվեց, երբ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Սահակ Կարապետյանը ստահոդ անվանեց այն տեղեկությունները, թե Թեղուտի հանքավայրի շահագործումից աղտոտվել է տարածքը։

Նոր աշխատատեղերի ստեղծումը չի ոգևորում Բերդ համայնքի բնակիչներին, ասում են այստեղ այլ ներդրումներ կատարելու հնարավորություններ կան։

Ըստ գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի՝ ավագանին 30-օրյա ժամկետում պետք է իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը հայտնի նախաձեռնության վերաբերյալ։

Առաջիկա ավագանու նիստը նախատեսված է նոյեմբերի 21-ին, որի օրակարգում ներառվելու է նախագծի վերաբերյալ ավագանու դիրքորոշում հայտնելու հարցը։

Կիսվել սոց․ ցանցերում