Անձին տեսակցել ենք հոկտեմբերի 20-ին. Զառա Ամատունին՝ Լևոն Մնացականյանին шդրբեջшնшկան բшնտпւմ սպшնելпւ լուրերի մասին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին չի կարող մեկնաբանել լուրերը, թե Բաքվի կողմից գերեվարված ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը ադրբեջանական բանտում դեաժանաբար ծեծի է ենթարկվել, ինչի արդյունքում սպանվել է։

Նշենք, որ Մնացականյանի սպանության մասին լուրերը տարածել է ազատամարտիկ, Վոլոդյա Հովհաննիսյանը, հայտարարելով, թե սպաների շրջանում լայն տարածում է ստացել այս տեղեկությունը։

Ամատունու խոսքով՝ մասնավոր դեպքերի հետ կապված կոմիտեն որևէ տեղեկություն չի տրամադրում և չի հանրայնացնում։ Ինչ վերաբերվում է որևէ գերու կամ անձի տվյալ երկրում պահման պայմաններին, ապա դա համարվում է կոնֆիդենցիալ տեղեկությունը, որը քննարկվում է միայն տվյալ երկրի իշխանությունների հետ։

«Ընդհանուր կարող եմ ասել, որ բոլորին, այդ թվում նաև ձեր նշած անձին, մենք տեսակցել ենք Բաքվում հոկտեմբերի 20-ին։ Այդ ընթացքում բոլոր հարցերն առանձնազրույցների ժամանակ քննարկվել են անձանց հետ։ Դա մեր ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում է։ Բացի զրույցներից և պահման պայմանների վերահսկողությունից, նաև  յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ։ Մենք շարունակ կապի մեջ ենք նաև Հայաստանում նրանց ընտանիքի անդամների հետ։ Իսկ մասնավոր դեպքերի մասով չեմ կարող մեկնաբանություն տալ։

Ինչ վերաբերում է այն հանրային հարցերին, լուրերին, որոնք պտտվում են՝ մենք որևէ մեկնաբանություն անել չենք կարող, քանի որ ցանկացած հարց, որը վերաբերում է անձանց պահման պայմաններին, իրենց հանդեպ վերաբերմունքին, մենք դրանք քննարկում ենք այդ իշխանությունների հետ կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում, եթե դրա կարիքը կա, և ընտանիքի հետ, իսկ հանրության հետ այդ հարցով որևէ մեկնաբանություն չենք կարող տալ։ Դա հանրային հարց չէ, այլ մասնավոր է և այդ մարդկանց ճակատագրի հարցն է», — ասաց Ամատունին։

Կիսվել սոց․ ցանցերում